ՀՀ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը դժվարացել է ասել՝ հնարավոր է արդյո՞ք մայիսի 8-9-ը /Շուշիի ազատագրման օր-խմբ./ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների վերսկսում, ինչպես այդ մասին շրջանառվում է ԶԼՄ-ներում և սոցցանցերում:
Ըստ որում, նա ընդգծել է, որ ապրիլի 5-ին հրադադարի վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունից հետո հակառակորդի կողմից շփման գծում ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի նման աննախադեպ կուտակում չի դիտվել:
ՙԻնչպես արդեն հայտնել ենք, չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Այսօր դժվար է որևէ կանխատեսում անել: Պետք է զգոն լինել, քանի որ իրավիճակը կարող է սրվել ամեն պահի՚,- նշել է Հովհաննիսյանը:
Մինչդեռ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը չի բացառել, որ մայիսի 9-ի նախաշեմին հակառակորդը կարող է սադրանքների դիմել: Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը տոնական օրերին միշտ գնում է իրավիճակի ապակայունացման: Ըստ որում, Բաբայանի կարծիքով, լայնամասշտաբ ռազմական գործողությունների հակառակորդը հազիվ թե դիմի: