Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավարը կոչ է արել լուրջ խմդիրներ չփնտրել Թուրքիայի հետ հարաբերություններում՝ կապված Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, քանի որ ՙՍուրբ աթոռի և Թուրքիայի հարաբերություններն իրականում լավ են՚: Այդ մասին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին՝ մեկնաբանելով Թուրքիայի հնարավոր արձագանքը Հռոմի պապի Հայաստան այցի առնչությամբ:
Ինչպես նշել է Վատիկանի ներկայացուցիչը, 2015 թ. ապրիլի 12-ին
Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված արարողությունից հետո մի շարք թյուրիմացություններ եղան: ՙԲայց, իմ կարծիքով, Սուրբ Աթոռի ու Թուրքիայի իրական հարաբերությունները լավ են: Չեմ կարծում, թե այստեղ պետք է լուրջ խնդիրներ փնտրել՚,-հայտարարել է Լոմբարդին:
Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ անցյալին հղում է արվում ոչ թե վերքերը բացելու, այլ՝ բացառապես օգնելու հիմք կառուցել փոխընկալման, երկխոսության ու հաշտեցման համար:
Լոմբարդին հիշեցրել է, որ Հայաստանի նախագահը ևս շատ հստակ ձևակերպումներ է արել իր խոսքում՝ ուղղված խաղաղությանը և հաշտեցմանը:
ՙԵթե չեմ սխալվում, նա նույնպես օգտագործեց ՙներողամտություն՚ բառն՝ այն իմաստով, ինչ Պապը՝ խոսելով հայ ժողովրսի հիշողության մասին: Խոսքը վերաբերում է հաշտության, խաղաղության ապագայի կառուցմանը՚,- ասել է նա:
ՙԱյդպիսին է մտադրությունը, իսկ եթե սխալ մեկնաբանություններ են արվում, դա Հռոմի պապից կամ ինձանից կախված չէ՚,- հայտարարել է Լոմբարդին:
Հռոմի պապի Հայաստան այցն ակտիվորեն լուսաբանում է նաև թուրքական մամուլը: ՙԱյց առաջին քրիստոնյա երկիր՚ կարգախոսով Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցին անդրադարձել է ավելի քան 30 թուրքական լրատվամիջոց:
Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ «ցեղասպանություն» տերմինը կիրառել էր 2015 թվականի թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ: Ֆրանցիսկոս պապը , մասնավորապե, հայտարարել էր, որ 20-րդ դարում մարդկությունը վերապրել է երեք մեծ ողբերգություն` հայոց ցեղասպանությունը, նացիզմը և ստալինիզմը: