Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը 5
<<կողմ>> և 2 <<դեմ>> ձայներով դրական եզրակացություն է
կազմել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ
պայմանագրին, ինչից հետո փաստաթուղթը կներառվի ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգում:
Փաստաթղթին <<կողմ>> են քվեարկել ՀՀԿ-ից,
ինչպես նաև ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից տնտեսական հանձնաժողովի անդամները: Իսկ
<<դեմ>> քվեարկել են <<Ժառանգություն>> կուսակցության
պատգամավոր Թևան Պողոսյանն ու <<Ազատ դեմոկրատներ>> կուսակցության
առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:
Ելույթ ունենալով հանձնաժողովի անդամնեիր առջև`
ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը պարզաբանել է, որ անդամակցելով ԵԱՏՄ-ին,
Հայաստանը տնտեսական առումով ոչինչ չի կորցնում,
և, նույնիսկ, ընդհակառակը, իր համար նոր շուկաներ է բացում և խթանում է
ներդրումների ներհոսը: Նրա ասելով, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի տնտեսական
պատժամիջոցներն, այսպես թե այնպես, ազդում են Հայաստանի տնտեսության վրա, անկախ
այն բանից, թե արդյոք նա ԵԱՏՄ անդամ է` թե ոչ:
Նշենք,
որ ԵԱՏՄ-ին անդամակցումից հետո Հայաստանը մի քանի տարի շարունակ կպահպանի նախկին
մաքսատուրքերը շուրջ 750 ապրանքատեսակների համար` էներգակիրներ, դեղորայք, առաջին
անհրաժեշտության ապրանքներ, հումք: Կգործեն նաև մինչև 2011 թվականն ստորագրված
միջազգային առևտրային պայմանագրերը: Դառնալով ԵԱՏՄ անդամ` 2016 թվականից Հայաստանը
կվճարի տարեկան 2 մլն դոլար անդամավճար: Հայաստանի ԵԱՏՄ անդամությունը նախատեսվում
է այն բանից հետո, երբ համապատասխան պայմանագիրը կվավերացվի Հայաստանի, Բելառուսի,
Ռուսաստանի և Ղազախստանի խորհրդարանների կողմից, սակայն` 2015 թվականի հունվարից
ոչ շուտ: