«Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջև անցկացվող ֆուտզալի 7-րդ մրցաշարը, որի նպատակն առողջ ապրելակերպի խրախուսումն ու ֆուտբոլի մասսայականացումն է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, մրցաշարի հանդիսավոր բացման արարողության ժամանակ մասնակիցներին ողջունել են Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ֆուտբոլի վետերան, ՀՀ վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը և Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը: Ընթերցվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ողջույնի խոսքը մասնակիցներին:
Միջոցառման կազմակերպիչը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան է (ԱԹԱ): Մրցաշարի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Իր աջակցությունն է ցուցաբերում նաև Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը, որն ապահովում է մասնակիցներին ըմպելիքով:
Մրցաշարին մասնակցելու են News.am կայքի, «Ավետիս», «Կենտրոն», «Երկիր մեդիա», հեռուստաընկերությունների, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն», «Հայկական ժամանակ» թերթերի և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի «U-99» լրագրողներից ձևավորված 8 թիմերը:
Կանոնակարգի համաձայն, թիմերը վիճակահանությամբ բաժանվելու են երկու խմբի: Նախատեսված է առաջին փուլի հանդիպումները կազմակերպել շրջանաձև եղանակով: Խմբերի լավագույն երկու ցուցանիշ արձանագրած թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, որի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ խաղին: Թիմերը կմրցեն նաև երրորդ տեղի համար:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: