Մարտի 4-ի նիստում Ազգային
ժողովն առաջին ընթերցմամբ փոփոխություն և լրացումներ է կատարել «Շրջանառության հարկի
մասին» օրենքում: Առաջին ընթերցմամբ ուղղումներ են կատարվել նաև մի շարք առնչվող
օրենքներում, որոնց թվում են «Հարկերի մասին», «Ստուգումների կազմակերպման և
անցկացման մասին» օրենքները:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ասելով,
կառավարությունն ընդառաջել է փորքր և միջին բիզնեսի ձեռներեցներին, որոնք բողոքում
էին օրենքի` առևտրի ոլորտի գործարքների պարտադիր փաստաթղթաշրջանառության
մասին դրույթի կիրառման դեմ:
Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2014 թ. հոկտեմբերի 1-ից, սակայն բողոքի բազմաթիվ ակցիաները ստիպել են գործադիր իշխանությանը վերջինիս կիրառման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. փետրվարի 1-ը: Օրենքի դրույթների համաձայն, նախատեսվում է 3.5%-ից մինչև 1% նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների համար: Սակայն, փաստաթուղթը գործարքների պարտադիր փաստաթղթաշրջանառության վերաբերյալ պահանջ է պարունակում, ինչը բողոքի ալիք է բարձրացրել: Նշենք, որ փաստաթղթերի բացակայության դեպքում ՓՄՁ նկատմամբ կիրառվեն պատասխանատվության հետևյալ միջոցները: Սկզբում սուբյեկտը կնախազգուշացվի, իսկ կրկնության դեպքում կտուգանվի 20 հազար դրամով: Երրորդ անգամ տոգանքը կկազմի տարեսկզբից հաշվարկված շրջանառության 5%-ը, իսկ չորրորդ խախտման դեպքում սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ գործողության դաշտում: 2016 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ այն սուբյեկտը, որը չի ունենա փաստաթղթերի շրջանառություն, տուգանք կվճարի ավելի բարձր` 5% դրույքաչափով, իսկ կրկնվելու դեպքում կհայտնվի ԱԱՀ դաշտում: Այժմ առաջարկվում է շրջանառության հարկի շեմը բարձրացնել 58,35-ից
մինչև 113,4 մլն դրամ: Եթե ավելի վաղ առևտրի սուբյեկտների համար շրջանառության
հարկը կազմում էր 1%` գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ, ապա այժմ տոկոսադրույքը հաստատվել է 1%
փաստաթղթավորված ապրանքներից և 5%` «գորշերից»: Այդուհանդերձ, ընդհանուր
շրջանառության հարկը չի կարող լինել
1,5%-ից ցածր: Ճշմարիտյանն ընդգծել է, որ ներկայացված օրինագիծը նպատակաուղղված է
«ստվերային» տնտեսության կրճատմանը և հարկային հատկացումների աճին: Նախարարը չի
համաձայնել տարածված այն կարծիքին, թե Հայաստանում ձեռնարկությունները զանգվածաբար
փակվում են: 2015 թվականի մարտի 2-ի դրությամբ, նախարարի տվյալներով, երկրում
գրանցված է 2475 նոր ընկերություն, իսկ փակվել է 1608-ը: 2014 թվականին անհատական
ձեռներեցների գծով 8680 ձեռնարկություն է փակվել, բացվել է 9292-ը, նույն
ժամանակաշրջանում փակվել է 383 ՍՊԸ, բացվել` 314:
2015 թվականի երկու ամիսներին փակվել է 62 ՍՊԸ, բացվել` 598: Նշենք, որ
Հայաստանում գործում է շուրջ 70 հազար
ՓՄՁ ձեռնարկություն, այդ թվում փոքր ու
մանր բիզնեսի 58 հազար սուբյեկտ և միջին բիզնեսի 10 հազար ձեռնարկություն:
Հայաստանի ՀՆԱ-ում ՓՄՁ բաժինը կազմում է
43%, ընդ որում այդ հատվածն ապահովում է
հարկային մուտքերի ընդամենը շուրջ 5-6%-ը: Հայաստանի առևտրի ոլորտի
ներկայացուցիչները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում, պահանջելով իրենց
այլընտրանք տրամադրել` վճարել ավելի բարձր տոկոսադրույք կամ օգտվել արտոնությունից
և վճարել ցածր տոկոսադրույթ` բայց փաստաթղթաշրջանառությամբ