Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, որ ժամեր
առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակության հետ հատուկ չվերթով
Ալբանիայից վերադարձավ Երևան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականի
դիմում է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն
Հայրապետյանին, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից: Այս մասին ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի
ծառայությունից:
Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հանդես է եկել
հայտարարությամբ, որում
երախտագիտության խոսք է ասել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ազգային հավաքականի մարզչական կազմի և Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների հասցեին: Նրանում մասնավորապես ասված է. «Ես
Հայաստան եկա մոտ
մեկ տարի առաջ՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Սա
մեծ մարտահրավեր էր ինձ
համար: Իմ
պայմանագրում հստակ նշված էր, որ
մենք պետք է հավաքենք որակավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորներ, հակառակ դեպքում ես պետք է լքեմ
իմ պաշտոնը: Հենց
այդ պատճառով ինձ համար
հիմա ամեն ինչ պարզ
է:
Բնականաբար, 4 խաղից 1 միավորը բավարար արդյունք չէ՝ նույնիսկ հաշվի
առնելով, որ մենք այս մրցափուլի գրեթե բոլոր խաղերի ժամանակ ունեցել ենք
կորուստներ: Բացի այդ, յուրաքանչյուր խաղի ժամանակ մեզ ինչ-որ բան խանգարել է:
Մխիթարյանի և Արզումանյանի վնասվածքները՝ Դանիայի հետ հանդիպման ժամանակ, Մարկոսի
չիրացրած 11-մետրանոցը՝ Սերբիայի դեմ խաղում, Համբարձումյանի կարմիր քարտը՝
Ալբանիայի դեմ խաղում: Եթե ցանկացած խաղ տևեր 70 րոպե, մենք կունենայինք 10
միավոր: Դա նշանակում է, որ մեր ընտրած կազմը կամ մարտավարությունը խաղերի համար
այնքան էլ վատը չէր, ուղղակի մեզ ինչ-որ բան չէր հերիքում վերջում: Անկախ ամեն
ինչից՝ ես արդարացումներ չեմ փնտրում: Խնդիրը կատարված չէ:
Իհարկե, մենք չկարողացանք ազգային հավաքականի հետ հասնել ցանկալի
արդյունքի, բայց իրականացրեցինք շատ լուրջ ծրագիր ֆուտբոլի զարգացման համար՝
ձևավորելով Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականները: Միգուցե, հենց այդ
տղաները հետագայում կազմեն Հայաստանի ապագա հավաքականի կորիզը: Բայց ես հասկանում
եմ, որ իմ հիմնական գործը Հայաստանի ազգային հավաքականի հաջող խաղն էր և լավ
արդյունքը:
Այո, ես հիասթափված եմ արդյունքից, բայց ոչ ֆեդերացիայից, նախագահից կամ
որևէ մեկից: Ընդհակառակը, ես երախտապարտ եմ ինչպես ՀՖՖ նախագահին՝ ինձ ընձեռված
այս հնարավորության համար, այնպես էլ ՀՖՖ բոլոր բաժինների աշխատակիցներին, մարզչական
և բժշկական անձնակազմին, բոլոր նրանց, ում հետ ես աշխատել եմ այս ամիսների
ընթացքում: Շնորհակալ եմ նաև մեր հրաշալի երկրպագուներին, ովքեր մեզ հետ էին
ինչպես տնային, այնպես էլ արտագնա հանդիպումների ժամանակ: Բնականաբար, ես տխուր եմ
այս հրաշալի երկիրը լքելու կապակցությամբ, որովհետև այստեղ աշխատելն, իրոք, շատ
հաճելի էր ինձ համար: Հետագա հաջողություններ եմ մաղթում Հայաստանի ազգային
հավաքականին: Ես տեսնում եմ այն ներուժը, որ ունի Հայաստանի ազգային հավաքականը:
Միշտ կհետևեմ Հայաստանի հավաքականի ելույթներին: Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի
հավաքականը հանդես կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունում»,-ասված է Բ.Շալանդի հրաժարականում: -կ-