Ղարաբաղյան հակամարտության շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ վերջին բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ հույս են ներշնչում, թեև` ոչ մեծ: Այդ մասին ասվում է ամերիկյան Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծական հոդվածում, որը նվիրված է երեք նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքին:
Պարբերականը նշում է, որ հանդիպման արդյունքում ըդնունված համատեղ հայտարարությունը ներառում է հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվն ավելացնելու կոչ, և ընդգծվում է, որ կողմերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը: «Սակայն, չնայած խաղաղության պահպանման այդ ջանքերին, հակամարտության հիմքում ընկած հարցերը մնում են չլուծված», - նշում է պարբերականը:
Այնուհետև Stratfor-ը հիշեցնում է, որ ապրիլի սկզբի մարտերի ընթացքում Ադրբեջանը ոչ մեծ տարածք շահեց: «Այդ բախումները նորոգեցին մարած հակամարտությունը և աշխուժացրին միջնորդների դիվանագիտական գործընթացը: Հակամարտությունում բարդություններ է ստեղծում նաև Ռուսաստանի դիրքորոշումը: Հայաստանի ռազմավարական դաշնակիցը վերջին ամիսներին սերտ կապեր է հաստատել Ադրբեջանի հետ և ապրիլյան իրադարձությունների ընթացքում չմիջամտեց Հայաստանի կողմից», - նշվում է հոդվածում: Հոդվածի հեղինակների կարծիքով, Մոսկվան չպաշտպանեց կողմերից որեւէ մեկին և ստանձնեց միջնորդություն: «Ըստ երևույթին, Ռուսաստանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերածել կառավարելի ճգնաժամի, երբ հակամարտությունը հասնում է եռման աստիճանի, բայց մինչեւ վերջ չի եռում, իսկ Մոսկվան դատավորի դեր է կատարում: Այս ռազմավարությունն ունի կրկնակի գործառույթ: Մի կողմից՝ դա նվազեցնում է արտաքին ուժերի` Թուրքիայի և Արևմուտքի ներգործությունը, մյուս կողմից` վերահաստատում է Մոսկվայի կարեւորությունը Հայաստանի ու Ադրբեջանի համար»,- նշում է Stratfor-ը:
Հոդվածում ընդգծվում է, որ միջնորդական ջանքերն առայժմ արդյունք են տալիս. հրադադարի խախտման դեպքերն զգալիորեն նվազել են, փոխհրաձգությունները մեղամցել են: «Սակայն չկան երաշխիքներ, որ հարաբերական անդորրը կպահպանվի: Բանակցությունները թույլ են տալիս ժամանակ շահել ու շունչ քաշել: Սակայն, դրանց տևական անարդյունավետության դեպքում Ադրբեջանի համբերությունը նորից կարող է սպառվել: Քանի դեռ խաղաղ բանակցությունները չեն հաղթահարել վիճահարույց տարածքներիի վերաբերյալ կողմերի ռազմավարական տարաձայնությունները, տարածաշրջանում բռնության աճի ներուժը կպահպանվի», - կարծում է Stratfor-ը: