Պոդոլսկի մոտ
երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա
Հարությունյանը Մոսկվայի Տրոիցկի դատարանում ընդունել է իր մեղքը: Այս մասին է
հաղորդում ԻՆտերֆաքս գործակալությունը:
Սակայն Հարությունյանը հերքել է կեղծ փաստաթուղթ
օգտագործելու մասին ներկայացված մեղադրանքը: Մեղադրյալը հրաժարվել է մեղադրական
եզրակացության ողջ թարգմանությունը լսել` թարգմանչի միջոցով տեղեկացնելով, որ
ներկայացված մեղադրանքների էությունն իր համար պարզ է: Համաձայն հրապարակված
եզրակացության, Հարությունյանը մեղադրվում է նրանում, որ «նախօրոք իմանալով
արգելակման համակարգի անսարքության մասին, որի պատճառով տվյալ տրանսպորտային
միջոցի անվտանգ շահագործումը հնարավոր չի եղել», խաչմերուկում ճանապարհային
երթեւեկության կանոն է խախտել:
Դատախազության կարծիքով, մեղադրյալը «չի ստուգել եւ չի
ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկական անվտանգությունը», ապա նաեւ ավտոմեքենան
թույլատրելի կշիռը գերազանցող կոպիճի չափաքանակով է բեռնել, իսկ երկրորդական ճանապարհի
ելքին` երթեւեկության մի քանի կանոն խախտել: Մասնավորապես, Հարությունյանը չի
զիջել ճանապարհը առաջնահերթություն ունեցող տրանսպորտային միջոցին եւ հակընթաց
երթեւեկության գոտի ելնելով` բախվել է ավտոբուսի հետ: Մինչ այդ Հարությունյանի
կողմից իրականացված շրջադարձի արդյունքում ԿԱՄԱԶ-ը կտրուկ թեքվել է`կորցնելով ձախ
անվադողերի շփումը մակերեւույթի հետ, ինչի արդյունքում թափքին բեռնված կոպիճը
թափվել է ավտոբուսի ուղեւորների վրա:
Բացի այդ, տեղի ունեցած ՃՏՊ-ից հետո, փաստաթղթերի
ստուգման ժամանակ, Հարությունյանը մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանության
աշխատակցին ներկայացրել է կեղծ փաստաթղթեր: Ըստ էության, նա ՌԴ տարածքում
աշխատելու իրավունք չի ունեցել:
Նշենք,
որ դատական գործընթացին մասնակցում են 47 տուժածներից 29-ը, ինչպես նաեւ 44 վկա,
այդ թվում` մեկ անչափահաս: ՀՀ 46-ամյա քաղաքացին երկու և ավելի անձանց մահվան
ելքով ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների
խախտման, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ է
մեղադրվում: Հիշեցնենք, որ ՃՏՊ-ի արդյունքում ստացված վնասվածքներից մահացել
էր 18 մարդ: