ԼՂՀ անկախության ճանաչումն ադրբեջանական նոր ագրեսիայի բռնկման չի հանգեցնի, քանի որ վերջին սրացումը բնավ դրանով չէր պայմանավորված: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի համահեղինակն է, որին այսօր դրական եզրակացություն է տվել Հայաստանի կառավարությունը:
Փոստանջյանի ասելով, ԼՂՀ ժողովրդի նկատմամբ ագրեսիայի ակտերի դրսևորումը Բաքվի օրակարգի անբաժան մասն է: Պատգամավորը համոզված է, որ ադրբեջանական ագրսիան չարժանացավ միջազգային հանրության կողմից պատշաճ դատապարտման, և մենք ԼՂՀ ճանաչման նկատմամբ այլընտրանք չունենք:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը կարծում է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը նպատակաուղղված կլինի ադրբեջանական նոր ագրեսիաների կասեցմանը և կդառնա յուրօրինակ հայտ միջազգային ասպարեզում: «Մենք կարող ենք ապավինել միայն սեփական ուժերին», - հայտարարել է նա, նշելով, որ միայն այդ ճանապարհով կարող ենք ինքներս մեր մասին հայտարարել` որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտի, միայն այդ ձևով հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունները:
Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 5-ին Հայաստանի կառավարության դրական եզրակացությանն արժանացած «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծն ուղարկվել է Ազգային ժողովի հաստատմանը: Ինչպես նշվում է օրինագծի հիմնավորման մեջ, դրա ընդունման անհրաժեշտութունը պայմանավորված է Հայաստանի և Ղարաբաղի կառավարությունների միջև քննարկումների արդյունքներով:
Այդուհանդերձ, պաշտոնական Երևանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի շուրթերով հայտարարել է, որ Հայաստանը ԼՂՀ կճանաչի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի կրկնման դեպքում:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ երկու անգամ ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի ընդունում էր նախաձեռնել, սակայն փաստաթուղթը երկու անգամ էլ մերժվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից, այն պատճառաբանությամբ, որ նման քայլը կհանգեցնի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման: