Եվրասիական տնտեսական միությունը, հայտնի պատճառներով, հաճախ անվանում են ՙդիկտատորների միություն՚: Հայաստանում մտավախություն կա, որ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցումն էլ ավելի կխորացնի ժողովրդավարության հետ կապված խնդիրները: Արդյո՞ք կիսում եք այդ մտավախությունները:
Նախ չհամաձայնեմ, որ ԵԱՏՄ-ն ՙհաճախ՚ անվանում են ՙդիկտատորների միություն՚: Լիբերալ լրագրողներից բացի, ոչ ոք նման դարձվածք չի օգտագործում: Չգիտեմ, թե ինչ ՙհայտնի պատճառների՚ մասին է խոսքը: Բոլորին է հայտնի, որ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղազախստանը միանգամայն ժողովրդավարական պետություններ են: Իհարկե, կատարելությունը սահմաններ չունի, բայց տվյալ դեպքում դիկտատուրաների մասին խոսելը, կարծում եմ, տարօրինակ Է: Չեմ կարծում, որ այդ միջպետական միությանն անդամակցումը, որը, ցավոք, միայն տնտեսական բաղադրիչ ունի, կարող է վատթարացնել ժողովրդավարության հետ կապված խնդիրները: Միթե՞ Հայաստանում արգելված են ազատ ընտրությունները, բացակայում է հանրահավաքների ազատությունը,
անկախ մամուը և այլն: Միթե՞ ԵԱՏՄ- ն այդ ամենը սահմանափակելու նպատակ է դնում իր առջև: Այն փաստը, որ մենք բացեիբաց քննարկում ենք այդ հարցերը, վկայում է, որ ամեն բան կարգին է:
Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան օրերս, Հայաստանի համար ի թիվս այլ առավելությունների, համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ-ին վերջինիս անդամակցումը կբարձրացնի հանրապետության ներդրումային գրավչությունը: Եվ Հայաստանը կդառնա ինչպես ՄՄ պետությունների, այնպես էլ երրորդ երկրների ներդրումների ներգրավման դաշտ: Սակայն, առաջվա պես պարզ չէ, թե տնտեսական առումով ինչով է շահավետ Հայաստանի միացումը ԵԱՏՄ-ին վերջինիս մյուս մասնակիցների համար: Թե՞ քաղաքականությունը կփոխհատուցի ամեն բան:
Տնտեսագետների բացատրությունները, ըստ որի`ԵԱՏՄ-ին անդամակցությունը, անշուշտ, ձեռնտու է Հայաստանին, սպառիչ են: Հակառակ դեպքում`ինչու՞ անդամակցել այդ միությանը: Փոքր ինչ այլ է իրավիճակը քաղաքական մասով, ինչը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման հարցում բավականին պարզ է: Աշխարհաքաղաքական բարդ իրադրությունն աշխարհում պահանջում է հստակ կողմնորոշում`Արևմուտք, թե՞ Ռուսաստան: Եվ գնալով ավելի կոշտ կլինի այդ երկու ճամբարների բաժանումը: Եվ եթե ՌԴ-ն ապահովում Հայաստանի ռազմական անվտանգությունը, իսկ դե-ֆակտո`որպես պետություն վերջինիս գոյությունը, արդյո՞ք իմաստ ունի փորձել լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի մշտնջենական թշնամիների հետ:
Օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը լրագրողների հետ զրույցում Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակի վաճառքը բնորոշել է որպես ՙընդամենը կոմերցիա՚: Արդյո՞ք ռուս-ադրբեջանական ՙկոմերցիան՚ չի հանգեցնի ղարաբաղյան նոր պատերազմի`հաշվի առնելով շփման գծում փոխհրաձգությունների հաճախակիացումը:
Կոմերցիան, իհարկե չարիք է: Համարենք, որ մեր դեսպանն ուղղակի անհաջող է արտահայտվել: Այլ բան է, որ Ադրբեջանը կարող է զենք գնել ոչ միայն Ռուսաստանից, իսկ պատերազմը Բաքվի համար, գոնե տեսականորեն, իր օգտին հակամարտության կարգավորման միակ տարբերակն է: Ցավոք, մարտական գործողությունների վերսկսման վտանգը կպահպանվի, քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը մնում է տարածաշրջանային և, գլխավորը, աշխարհաքաղաքական օրակարգում:
Տվյալ պահին բոլոր կողմերին ձեռնտու է պահպանել Ղարաբաղի շուրջ ստատուս քվոն, սակայն, իրավիճակն աշխարհում փոխվում է նույն արագությամբ, ինչպես ավելանում է ոչ ադեկվատ քաղաքական գործիչների, քաղաքագետների, լրագրողների, ինչպես նաև սովորական մարդկանց քանակը: Այս ամենը միասին ոչ միայն լոկալ, այլ նաև համաշխարհային պատերազմի սանձազերծման մեծ վտանգ է պարունակում, ինչի վկայությունն Ուկրաինայի իրադարձություններ են:
Վերլուծական հանրությունում գոյություն ունեն մտավախություններ, որ Ուկրաինայի շուրջ զարգացող ճգնաժամը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում Ղարաբաղի շուրջ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի փոխգործակցության համար: Ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ:
Անկեղծ ասած`այնքան էլ չեմ հասկանում, թե ինչ փոխգործակցության մասին է խոսքը:
Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահների`ոչ մի բանի չհանգեցնող համատեղ հանդիպումները կշարունակվեն: Որևէ որոշում այդ հանդիպումների ընթացքում չի կայացվի. դա վաղուց բոլորին պարզ է: Եվ, իհարկե, ավելի լավ է այդպիսի`ոչ մի բանի չհանգեցնող բանակցային ձևաչափը, քան մարտական գործողությունները:
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջին իսկ հանդիպումը Բարաք Օբամայի հետ ակնհայտորեն ցույց տվեց, որ թե’ Ղրիմի տարանջատումը, թե’ երկրի երկու մասի պառակտման սպառնալիքը Կիևին Արևմուտքից դեպի Արևելք շրջել չեն կարող: Կիսվեք իրադարձությունների զարգացման Ձեր սցենարով:
Ուկրաինայում լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ է ծավալվել: Իրավիճակն այնտեղ շատ բաներում կախված կլինի այն բանից, թե ինչպես կվարվի Ռուսաստանը: Ղրիմի վերադարձից հետո հայրենասիրական լայն շրջանակներում դժգոհություն է հասունանում պաշտոնական Մոսկվայի ներկայիս դիրքորոշման առնչությամբ: Մարդիկ պահանջում են ավելի ակտիվ միջամտել ուկրաինական իրադարձություններին`ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական մակարդակով: Նման կոչերը հասկանալի են. ռուսների մեծ մասն Ուկրաինան ընկալում է որպես համառուսական մենթալ և աշխարհաքաղաքական տարածություն, շատերը բարեկամական կապերով են կապված Ուկրաինայի հետ: Արդեն շաբաթներ տևող արյունալի ջարդը պահանջում է Ռուսաստանի միջամտությունը: Թե ինչպես այն տեղի կունենա, հուսով եմ, ցույց կտա մոտ ապագան... Ինչ վերաբերում է Ուկրաինայի իրավիճակին, այդ չկայացած պետությանը քաղաքական և տնտեսական քաոսի խորացում է սպասվում, և դա արդարացի է. ով քվեարկել է Պյոտր Պորոշենկոյի օգտին, արժանի է այդ ճակատագրին: Չեմ կասկածում, որ արդյունքում Ուկրաինան կվերադառնա ռուսական ազդեցության ուղեծիր և կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: