Երևանում մեկնարկել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովը, որին մասնակցում
են 300 հայազգի ականավոր արվեստի ու քաղաքական գործիչներ, գործարարներ,
հասարակական գործիչներ և փորձագետներ աշխարհի 60 երկրներից:
Ինչպես համաժողովի բացման
իր խոսքում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը,
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համախմբումը կմեծացնի հայկական գործոնի
ազդեցությունն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: Նրա ասելով, Հայաստանը
պետք է դառնա բիզնեսի համար հնարավորությունների երկիր:
«Մենք պետք է հասնենք սոցիալական, տնտեսական վերելքի,
առավելագույն ներդրումների երկրի տնտեսությունում, ինչպես նաև բիզնեսի համար
առավելագույն անվտանգ միջավայրի
ստեղծման: Մենք արդեն վարում ենք բաց ներդրումային քաղաքականություն, որը
հնարավորություն է տալիս բարձր տեմպերով զարգացնել տնտեսությունը», - նշել է
վարչապետը: Նա ընդսմին հավելել է, որ եկել է ժամանակը` բարեգործությունը վերածելու
փոխշահավետ բիզնեսի:
Աբրահամյանը նշել է, որ
Սփյուռքի գործարարները և Հայաստանի կառավարությունը ունեն բաց գործընկերային
հարաբերություններ, որոնք կարող են նոր խթան հաղորդել Հայաստանի և Արցախի
զարգացմանը:
«Մենք չպետք է մոռանանք,
որ գոյություն ունի չլուծված ղարաբաղյան հարց: Մենք մշտապես մասնակցում ենք
սպառազինությունների մրցավազքին, Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը,
իսկ Ռուսաստանի և Վրաստանի բարդ հարաբերությունները Հայաստանին ստիպում են վարել
ավելի ճկուն քաղաքականություն»,- ընդգծել է վարչապետը:
Միևնույն ժամանակ Հովիկ
Աբրահամյանը նշել է, որ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության
ճանաչումն անխուսափելի է և մնում է առաջնային Հայաստանի կառավարության համար:
«Մենք կշարունակենք
պահանջել պատմական արդարություն, Թուրքիայի կողմից Ցեղասպանության հերքումը ոչ այլ
ինչ է, եթե ոչ դրա կրկնում, և մենք դա չպետք է թույլ տանք», - հայտարարել է
կառավարության ղեկավարը:
Իր
ելույթի վերջում նա հավելել է, որ Հայաստանի կառավարության համար առաջնային են
երկրի քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը: