Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանառության մեջ գտնվող հակահայկական բանաձևերն իրարացում են առաջացրել Հայաստանի խորհրդարանական ուժերի շրջանում:
Այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներն անդրադարձել են այդ փաստաթղթերին՝ իրենց մտահոգությունը հայտնելով:
ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը, մասնավորապես, հայտարարել է, որ ստեղծված իրավիճակն առավելապես հայկական պատվիրակության սխալ ռազմավարության հետևանք է: ՙԺամանակին հայկական պատվիրակությունը կարող էր հասնել Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցողի թեկնածուի փոխարինմանը և բուն զեկույցի վերնագրի փոփոխությանը, բայց վերջինս նախընտրեց այլ ռազմավարություն: Մեր պատվիրակությունը սկսեց պայքարել փաստաթուղթն ամբողջությամբ ԵԽԽՎ շրջանառությունից հանելու ուղղությամբ, ինչը գործնականում անհնար էր՚,- բացատրել է Զուրաբյանը:
ՙԺառանգություն՚ կուսակցության խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր հերթին հայտարարել է ԵԽԽՎ-ում հակահայկական երկու բանաձևերը Հայաստանի նախագահի և արտաքին քաղաքական գերատեսչության ապաշնորհ աշխատանքի արդյունք է: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ՀՀ դիվանագիտական գերատեսչությունների և Ֆրանսիայի հայ համայնքի համախմբված աշխատանքի դեպքում կհաջողվի կանխել ԵԽԽՎ-ում փաստաթղթերի ընդունումը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր հերթին հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է մշակել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքի նոր ռազմավարություն և հակահայկական երկու փաստաթղթի վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունել: ՙԵԽԽՎ-ն պետք է գիտակցի, որ Հայաստանը լուրջ պետություն է՚,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ կառույցում արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է համախմբել հայկական պատվիրակության, ՀՀ դիվանագիտական գերատեսչությունների և Սփյուռքի ջանքերը:
Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ներկայումս քննարկվում են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ռազմավարության և կազմի փոփոխության հարցերը: Միաժամանակ նա ընդգծել է, որ նույնիսկ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի ընդունման դեպքում այն ոչ մի կերպ ղարաբաղյան խնդրի լուծման վրա չի անդրադառնա:
Նշենք, որ այժմ ԵԽԽՎ շրջանառության մեջ է գտնվում հակահայկական երկու զեկույց՝ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը և Միլիցա Մարկովիչի Սարսանգի ջրամբարի ջրերի օգտագործման վերաբերյալ «Ադրբեջանի սահմանային շրջանները միտումնավոր զրկվում են ջրից՚ զեկույցը: -