Ոստիկանության և ընդդիմադիրների հանրահավաքի մասնակիցների միջև գիշերային բախումներից հետո առավոտյան Երևանում համեմատաբար հանգիստ է:
Այնուամենայիվ, ոստիկանությունը ուժեղացված ռեժիմով հսկողություն է իրականացնում Երևանի որոշ շրջաններում, այդ թվում՝ Ազատության հրապարակում, ՊՊԾ գնդի գրավված շենքի հարակից տարածքում, Սարի թաղում, ինչպես նաև պետական օբյեկտների մոտ:
Նշենք, որ գիշերային բախումների հետևանքով հոսպիտալացվել է 60 մարդ, որոշների վիճակը գնահատվում է ծանր: Հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել ոստիկանական տեղամասեր: Հայտնի է դարձել, որ քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից հիվանդանոցում ծեծի ենթարկված Դավիթ Սանասարյանը կիսաուշագնաց վիճակում տեղափոխվել է ոչ թե վերակենդանացման բաժանմունք, այլ՝ բերման է ենթարկվել: Գիշերը Սարի թաղ է այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ տեղում իրավիճակը պարզելու նպատակով:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ազատության հրապարակից Սարի թաղ ակտիվիստների երթի ընթացքում ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել: Տասնյակ մարդիկ տուժել են, հարյուրավոր քաղաքացիներ՝ բերման ենթարկվել: Հատուկ միջոցներ կիրառելու հետևանքով հրդեհ է բռնկել տներում, գազատար է պայթել: Հատկանշական է, որ այս անգամ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնության են ենթարկվել նաև լրագրողները: Շատ լրագրողներ այրվածքներ են ստացել հատուկ միջոցների կիրառման հետևանքով, մյուսները՝ ծեծի ենթարկվել: Հետապնդման է ենթարկվել նույնիսկ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Զավթված ՊՊԾ գնդի շենքից արձակված կրակոցներից մեկ ոստիկան է վիրավորվել:
Շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր համագործակցել են ոստիկանների հետ և ծեծի են ենթարկել լրագրողներին, Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Մհեր Սեդրակյանի /Թոխմախի Մհեր/ ՙմարդիկ՚ են եղել:
ՀՀ օմբուդսմենը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտվել է նրանց աշխատանքը: ՙԸստ մեզ ներկայացված տեղեկությունների՝ դրանք արել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ:
ՀՀ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին: Մեր կողմից բոլոր հրապարակումներն արձանագրվել են, դրանց հիման վրա անհրաժեշտ է անմիջապես հարուցել քրեական հետապնդում, իրականացնել մանրամասն քննություն և բացահայտել բոլոր մեղավոր անձանց:
Այն քաղաքացիներին, ովքեր տիրապետում են 1in.am, azatutyun.am, armlur.am, a1plus.am «Արմենիաե հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնության գործադրման կամ ոստիկանների հնարավոր ներգրավման մասին վկայող տեսանյութեր, խնդրում ենք դրանք անհապաղ տրամադրել Պաշտպանի աշխատակազմին: Հեղինակների ինքնության գաղտնիությունը երաշխավորում ենք: Ահազանգեր են ստացվել նաև քաղաքացիների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՚,- ասվում է ՄԻՊ գրասենյակի հայտարարության մեջ:
Ոստիկանությունն իր հերթին խոստացել է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները: