Հայաստանի դատական
համակարգն ամենակախյալն է աշխարհում, և դրա վկայությունը «Ցեղակրոն» կուսակցության
առաջնորդ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործը դարձավ: Այդ մասին հայտարարել
է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 18-ին ԱրմԻնֆո-ի
թղթակցի հետ զրույցում:
Պատգամավորի ասելով,
դատավճռում, որի համաձայն, Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման,
իսկ նրա որդի Շահեն Հարությունյանը` 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ, կա ակնհայտ
քաղաքական ենթատեքստ: Նա չի կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է 4 տարվա
ազատազրկման դատապարտել դեռահասին, նույնիսկ`
պատժի պայմանական չկիրառմամբ: «Եթե Հայաստանում գտնվի գեթ մեկ քաղաքացի,
որը հավատա և պնդի, որ դատական համակարգն անկախ է, ապա նրա անունը հարկավոր է
անմիջապես ներառել Գինեսի ռեկորդնեի գրքում», - նշել է նա:
Հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա
որդի Շահեն Հարությունյանին` 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ:
Ավելի խիստ պատժի է
դատապարտվել Վահե Մկրտչյանը` 7 տարի ազատազրկման: Այդ գործով մյուս
ամբաստանյալներից Ալբերտ Մարգարյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման, Սևակ Մնացականյանը` 5,5 տարի ազատազրկման,
պահեստի գնդապետ Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը և Ավետիս Ավետյանը
դատապարվել են 5 տարի ազատազրկման, Հայկ Հարությունյանը` 4,5 տարի ազատազրկման, Ալեքս Պողոսյանը և Մկրտիչ Հովհաննիսյանը` 4 տարի ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանը, ով 20 տարի ծառայել է հայոց բանակում,
դատապարտվել է 2 տարի ազատազրկման, իսկ Տիգրան Պետրոսյանի համար սահմանվել է ամենամեղմ պատիժը` 1 տարի ազատազրկում։
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից դեպի պետության ղեկավարի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը: Տեղի էին ունեցել բախումներ, Ոստիկանության պնդմամբ, իր աշխատակիցների ուղղությամբ նետվել էին ինքնաշեն պայթուցիկ փաթեթներ, Հարությունյանի կողմնակիցները կիրառել էին նաև մահակներ: Ոստիկանները բերման էին ենթարկել 38 մարդու, նրանցից 20-ին ձերբակալել էին: Ավելի ուշ
տասից ավելի ձերբակալվածների
կալանավորեցին: