Բաքուն, ավանդույթի համաձայն, աղավաղում է ինչպես իրականությունը, այնպես էլ`բանակցային գործընթացը, և դա Բաքվի պաշտոնական քաղաքականության վառ օրինակն է, ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարության առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը:
Քաղաքական գործիչը նշել է, որ գերմանական կողմի պաշտոնական պարզաբանման մեջ խոսք անգամ չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի փոփոխման, այսինքն`Ֆրանսիան Գերմանիայով փոխարինման վերաբերյալ: ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Մերկելը նաև որևէ սենսացիոն հայտարարություն չի արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ: Նրա խոսքով, Մերկելը չի հայտարարել, որ Ռուսաստանն իր ներդրումն ունի հրադադարի ռեժիմի խախտման գործում: ՙԸնդհակառակը, նա նշել է, որ Գերմանիան և Ռուսաստանը տարբեր ստանդարտներ չեն կիրառում այդ հարցում , և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՚,- նշել է նա:
Փոխխոսնակը գտնում է, որ Գերմանիայի կանցլերի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ, Հայաստանի և Ռուսաստանի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է բացառապես խաղաղ կարգավորում ունենալ, ապտակ է ադրբեջանական քարոզչությանը և այդ երկրի իշխանություններին: ՙԲոլորը գիտեն, թե ով է հանդես գալիս ռազմական հռետորաբանությամբ՚,- նշել է նա: