Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը քննադատական
գնահատական է տվել հայկական կինոյին:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերջին
2-3 տարում կինեմատոգրաֆի զարգացմանը` հայրենական արտադրանքը որակել է «թույլ
կինո»: «Այ դիտում ես մեր ֆիլմերը, նույնիսկ` փայլուն արվածները, այնուամենայնիվ,
դրանք ֆանտասմագորիկ բաներ են, որոնք ընդհանուր ոչինչ չունեն իրական կյանքի հետ»,
- նշել է նա: Նրա ասելով, կինոնկարները պետք է ավելի կենսական լինեն: «Ֆիլմում հարկավոր
է բարձրացնել հարցեր` «ինչու՞, ինչի՞ համար»: Կյանքն ինքնին այնքան անհեթեթ է, որ
այն հարկավոր դնել ֆիլմերի հիմքում», - ասել է Գևորգյանցը:
Նրա կարծիքով, թույլ օղակ են, մասնավորապես, սցենարները:
« Մենք ունենք արձակագիրներ, և ռեժիսորները պետք է նրանց հետ աշխատեն», - նշել է
նա: «Կաղում է» նաև դերասանական դպրոցը: «Այսօրվա դրությամբ մենք չունենք
դերասանական վարպետության ասեր: Սակայն ես շատ հանգիստ եմ վերաբերվում նման բաներին,
քանի որ այդ ոլորտում զարգացումը տեղի է ունենում ալիքաձև: Կգա ժամանակը, և
մեզանում դարձյալ ի հայտ կգան Խորեն Աբրահամյաններ և Հրաչյա Ներսիսյաններ», -
ընդգծել է Գևորգյանցը:
Նա նաև խոստովանել է, որ քննադատաբար է վերաբերվում
Հայաստանի ազգային կինոմրցանակին` «Հայակին», ինչպես նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ին:
Գևորգյանցի քննադատությանն են արժանացել, մասնավորապես, «Հայակ» մրցանակի
արժանացած Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանովը» և Արեգ Ազատյանի ու
Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները»: «Փարաջանովի» պարագայում Գևորգյանցը հիասթափված
է այն առնչությամբ, որ Վարպետին
ներկայացրել են որպես ծաղրածու, մինչդեռ իրականում նա մեծ մտածող էր: Ինչ
վերաբերում է «Ռոմանտիկներին», ապա ժապավենը որակվել է որպես հակահայկական և
թուրքանպաստ կինո:
Իսկ
ՀԿՄ ղեկավարի դրական գնահատականին արժանացել է «Շարմ Հոլդինգի» կինոարտադրանքը:
«Դրանք բարի, լավ որակի ֆիլմեր են: Բացահայտ առևտրային, թեթև կինո, որը գոյության
իրավունք ունի», - ասել է նա: