Ոչ իշխանական քառյակի /ՀԱԿ, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙԺառանգություն՚, Հայաստանի ժողովրդական կուսակցություն/ նախօրեի հանրահավաքում որևէ սենսացիոն կամ արտառոց բան չի հնչել, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, միակ պիկանտ պահը նրանց ելույթներում ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պատմած անեկդոտներն էին: ՙՏեր-Պետրոսյանն, ըստ երևույթին, գիտակցելով որ տաղտկալի ելույթներով արդեն զանգվածներին չես զբաղեցնի, որոշել է փոքր-ինչ արտասովոր քայլի դիմել՚,- նշել է Շարմազանովը:
Անդրադառնալով ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ ագիկ Ծառուկյանի ՙերկար սպասված՚ ելույթին` նա նշել է, որ նրա հայտարարությունում նույնպես որևէ նշանակալից բան չկար. ՙՄարդն ասաց, որ մեզ մայդաններ պետք չեն, և շտապել նույնպես պետք չէ՚:
Նշենք, սակայն, որ Ծառուկյանը, չնայած քաղաքական որոշ ուժերի թերահավատությանը, այնուամենայնիվ, իր ելույթում հայտարարել է Հայաստանում իշխանափոխության և վաղաժամկետ ընտրությունների անհրաժեշտության մասին:
Խոսելով այն մասին, թե արդյոք Հայաստանում վաղաժամկետ քաղաքական գործընթացների հիմքեր կան` Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն իշխանության ղեկին է գտնվում ընտրություններում արդար հաղթանակի հիման վրա և մտադիր է այդ ղեկին մնալ մինչև ընտրական օրենսդրությամբ ամրագրված ժամկետի ավարտը: ՙԻ դեպ, ընտրություններում մեր արդար հաղթանակն արձանագրել են միջազգային բոլոր դիտորդները: 23 տարի շարունակ ընդդիմությունը հանրահավաքներ է անցկացնում, քննադատում իշխանությանը, պահանջում վաղաժամկետ ընտրություններ`նորմալ է՚,- ասել է նա: