ՊՊԾ գնդի շենքի գրավման շուրջ ստեղծված իրավիճակում ամենաբարդ ու ամենալուրջ խնդիրը կայանում է նրանում, որ ոչ մի կաթիլ արյուն չթափվի: Այդ մասին Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն՚-ի եթերում հայտարարել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:
Գեներալ-մայորն ավելացրել է, որ չափազանց կարևոր է, որ իշխանությունների կոմպետենտ առաջարկներն ընդունվեն: Բալասանյանը հայտնել է, որ ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամներն առաջարկում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձևավորում: ՙՍակայն, նրանց ամենակարևոր պահանջը Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումն է, որը ներկայացված է իշխանություններին: Նույնը վերաբերում է քաղբանտարկյալներին:Անկեղծ ասած՝ ես «քաղբանտարկյալ՚ բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև քաղբանտարկյալ Հայաստանում ընդհանրապես չկա: Համենայն դեպս, այս պահի դրությամբ ես գտնում եմ, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը մի քայլ առաջ է, և պետք է ընդունել: Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն այդ առաջարկները և կգնան մեկը մյուսին ընդառաջ՚,- ընդգծել է Բալասանյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ բժիշկներն այցելել են պատանդներին և տեղում բուժզննում կատարել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիտալի Բալասանյանը հուլիսի 21-ին ժամանել է Լեռնային Ղարաբաղից և հանդիպել ՙՍասնա ծռերի՚ հետ: ԶԼՄ-ների համաձայն, ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամների հետ բանակցություններից անմիջապես հետո Բալասանյանը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
ԶԼՄ-ների համաձայն, Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ ՙՍասնա ծռերը՚ կրկին հնչեցրել են իշխանությունների հրաժարականի, Ժիրայր Սեֆիլյանի և մնացած քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջները՝ ընդգծելով, որ պայքարելու են մինչև վերջ: