ԵՏՄ շրջանակներում անմաքս ինտերնետ առևտրի շեմի՝ ներկայիս 1000-ից մինչև 150 եվրո իջեցումը միանգամայն տրամաբանական է և ուղղված է ԵՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության աճի խթանմանը, լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով, նման քաղաքականությունը հիմնավորված է՝ ԵՏՄ-ից դուրս արտադրվող ապրանքների գրավչության նվազեցման և, համապատասխանաբար, ԵՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության մեծացման տեսակետից: Ինչ վերաբերում է ԵՄ հետ հնարավոր հակասություններին, ապա, ինչպես նշել է փորձագետը, ԵՄ-ում արդեն վաղուց հասկացել են, որ ԵՏՄ-ին անդամակցությանն այլընտրանք Հայաստանը չուներ, և հաշվի առնելով այս փաստը՝ ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, նույնիսկ իրադարձությունների նման զարգացման պարագայում, շարունակվելու է: Յուրաքանչյուրը պարանն իր կողմն է ձգում, և պետք է փորձել այնպես անել, որպեսզի այն չկտրվի, նշել է փորձագետը: ՙԼավ է դա, թե վատ, այլ հարց է, բայց եթե ստորագրել ես ԵՏՄ հետ պայմանագիր, բարի եղիր կատարելու այն՚,-հայտարարել է Բոստանջյանը:
Նշենք, որ ըստ «Վեդոմոստիի՚, արտասահմանյան ինտերնետային խանութներից ԵՏՄ երկրներ անմաքս ներկրման համար ծանրոցների արժեքի շեմն առաջարկվում է 1000 եվրոյից իջեցնել մինչև 150 եվրո: Ընդ որում, ցանկացած արժեքի ծանրոցի համար ԵՏՀ մտադիր է կիրառել 25 եվրո ֆիքսվախ գանձում, նշում է թերթը: ԵՏՀ աշխատանքային խմբի ղազախ և բելառուս անդամներն, ընդհանուր առմամբ, աջակցություն են հայտնել որոշման նախագծին, Հայաստանն իր դիրքորոշումը դեռ չի ներկայացրել, նշում է պարբերականը` վկայակկոչելով խմբի նիստի արձանագրությունը:
ՙԿոմերսանտը՚ հաղորդել է անմաքս ներկրման սահմանափակման այլ տարբերակների մասին: Դրանցից մեկը նախատեսում է 15 եվրոյի գանձում` 22-150 եվրո արժողությամբ և 1-10 կգ կշռող ծանրոցների համար: 150 եվրոյից ավել արժեք և 10 կգ ավելի կշռող ապրանքների համար կպահանջվի 15 եվրո գումարած մաքսային արժեքի 30% գանձում, սակայն` ոչ 1 կգ դիմաց առնվազն 4 եվրո: Մեկ այլ սցենարի համաձայն, որի մասին գրում է «Կոմերսանտըե, մինչև 150 եվրո արժեք և 10 կգ ոչ ավելի քաշ ունեցող ծանրոցները ենթակա են 10 եվրո գանձման: Մյուս ծանրոցների համար գանձումը կկազմի 10 եվրո` գումարած մաքսային արժեքի 30%, սակայն` 1 կգ դիմաց 4 եվրոյից ոչ պակաս: Ներկայում ռուսաստանցիները արտասահմանյան ինտերնետային խանութներից կարող են ձեռք բերել ամսական մինչև 1000 եվրո արժողությամբ և մինչև 31 կգ քաշով ապրանքներ` առանց մաքսային վճարումների:
ԵՏՄ ներսում մաքսային սահմաններ չկան, ուստի արտասահմանյան ինտերնետային խանութների ինտերնետային ծանրոցները, միայն ՌԴ-ում կարգավորումը խստացվելու դեպքում, կվերակողմնորոշվեին դեպի Բելառուս, Ղազախստան և Հայաստան, որտեղից առանց մաքսատուրքի կշարունակեին ներկրվել Ռուսաստան: Մաքսային միության երկրներ ապրանքների անմաքս ներկրման շեմը չի տարբեր է: Ղազախստանում այն կազմում է 1000 եվրո, Հայաստանում` 300 եվրո, Բելառուսում` 200 եվրո:
ԵՏՄ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը: