Հայաստանում փոքր ՀԷԿ-երն իրենց չեն արդարացնում, հայտարարել է «WWF-Armenia»-ի ղեկավար Կարեն Մանվելյանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Ամեն ինչ սխալ է հաշվարկվել: Եվ, նույնիսկ, ՓՀԷԿ-երում միջոցներ ներդրողներն են հասկանում, որ չեն կարող արտադրել նախատեսված ծավալի էլեկտրաէներգիա», - նշել է Մանվելյանը: Նման իրավիճակի արդյունքն անմխիթար է: «Իրենց ներդրումները հետ բերելու համար գետերի ողջ ջուրն ուղղվում են խողովակների մեջ` չթողնելով բնապահպանական հոսք», - հավելել է փորձագետը:
Նրա ասելով, Հայաստանում փոքր ՀԷԿ-երի արդարացված չլինելը պայմանավորված է նաև կլիմայի փոփոխությամբ: «Ավելի լավ է կենտրոնանալ այլ բանի վրա և ներդրումներ կատարել, օրինակ, արեգակնային էներգիայի համար», - ասել է Մանվելյանը:
Բնապհապանները բազմիցս նշել են, որ Հայաստանում ՓՀԷԿ-երը մեծ վնաս են հասցնում էկոհամակարգին: Խնդիրն առնչվում է նաև այն հանգամանքին, որ մեկ գետի վրա կարող է գործել մի քանի ՓՀԷԿ:
«WWF-Armenia»-ի ղեկավարը տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ Քաջարան գետի վրա ՓՀԷԿ կառուցման աշխատանքներ են տարվում: Փորձագետները չեն կարծում, թե ապագա ՀԷԿ-ի համար վայրը ճիշտ է ընտրվել: «Հարևանությամբ գեղատեսիլ կիրճ կա: Մենք եղել ենք այնտեղ, հասել մինչև Գոգի (Կապուտան) լիճ: Զբոսաշրջության լավ երթուղի է», - պատմել է Մանվելյանը, հավելելով, որ այնտեղ կարելի է հանդիպել հազվագյուտ թռչունների և կենդանիների, իսկ Քաջարան գետը կարևոր նշանակություն ունի հատուկ պահպանվող բնական տարածքների համար` Հայաստանի հարավում: