ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԼՂՀ իշխանություններից պահանջում է պատժել հունվարի 31- ին Բերձորում ՙՀիմնադիր խորհրդարան՚ շարժման մասնակիցներին ծեծի ենթարկած ոստիկաններին:
Ելույթ ունենալով խորհրդարանում`Փաշինյանը հայտարարել է, որ Բերձորի իրադարձությունները հարցականի տակ են դրել միջազգային կառույցներում հայկական պատվիրակությունների բազմաթիվ հայտարարությունների լեգիտիմությունը, համաձայն որոնց`պետականությունը ԼՂՀ-ում կայացել է, այնտեղ տիրում է օրենքը և ժողովրդավարությունը:
ՙԱզգային ժողովի պատվիրակությունը փետրվարի 6-ին մեկնել է Ստեփանակերտ`Բերձորի միջադեպի հետևանքների վերցման հարցը քննարկելու նպատակով: ԼՂՀ իշխանությունների հետ քննարկումների ընթացքում իմ դիրքորոշումը միանշանակ էր`ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրած անձինք, ԼՂՀ օրենսդրության համաձայն, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է ազատվեն պաշտոններից: Այդ դիրքորոշումը հասկանալի էր Արցախի իշխանություններին: Սակայն, տարօրինակ է, որ ավելի քան երեք շաբաթ անց նույնիսկ քրեական գործ չի հարուցվել՚,- նշել է Փաշինյանը:
Միջադեպի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելն իրադարձությունների հետևանքների վերացման միակ ճանապարհն է, հակառակ դեպքում`Բերձորի դեպքերը վնաս են հասցնում ԼՂՀ հեղինակությանը և պետականությանը, ասել է նա:
Հիշեցնենք, որ ՙՀիմնադիր խորհրդարանի՚ ներկայացուցիչները հունվարի 31-ին ԼՂՀ ոստիկանության կողմից դաժան ծեծի էին ենթարկվել Բերձորի մոտ: Ղարաբաղի ոստիկաններն այդպիսով փորձել են խոչընդոտել ՙ100-ամյակն առանց ռեժիմի՚ շարժման շրջանակում ավտոերթի անցկացմանն Արցախում: