Մենք բազմիցս նշել ենք, որ 2015 թվականով մեր պայքարը չի ավարտվում, այլ թևակոխում է ավելի հասուն փուլ, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` թուրքական «Հյուրիիեթ» թերթին տված հարցազրույցում:
«Չմոռանանք, որ մենք Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու, նրա դատապարտմանը հասնելու հնարավորություն ունեցել ենք միայն Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հռչակումից հետո: Այսինքն՝ մեր պայքարը դեռ նոր է սկսվել: Եվ հետագա տարիներին կլինի էլ ավելի համակարգված և նպատակաուղղված», - ասել է ՀՀ նախագահը, հավելելոբվ, որ «հաշտեցման կամուրջները մենք չենք այրել, և նույնիսկ ինքներս հաշտեցում նախաձեռնեցինք։ «Բայց անհնար է բացել այն դուռը, որի բանալին մեզ մոտ չէ: Եվ անգամ հիմա, երբ մենք ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի 100-րդ տարելիցը, հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացի սկսման՝ առանց որևէ նախապայմանի», - ասել է նա:
Մեկնաբանելով Թուրքիայի Հանրապետության վարչապետ Դավութօղլուի ապրիլի 19-ի հայտարարությունը` Հայաստանի նախագահն ուշագրավ է համարել, որ այդ ուղերձը հրապարակվել է ապրիլի 19-ին: «Եթե այն տարածվեր ապրիլի 24-ին, այսինքն՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին կամ դրա նախորդ օրը, ես այն կհամարեի շարքային մի հայտարարություն, որի ժխտողական բովանդակությանը մենք ծանոթ ենք նախորդ հայտարարություններից: Բայց քանի որ տարածվեց այդքան շուտ, մեր կարծիքով, դա մի փորձ էր դիմակայելու կամ ազդելու այն մեծ գործընթացին, որ հիմա Ցեղասպանության ճանաչման հետ կապված աշխարհով մեկ ընթանում է. հասկանալի է, թե ինչու ապրիլի 19-ին տարածվեց: Իսկ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի խոսքերը խեղաթյուրելը, մանիպուլյացիայի ենթարկելը կամ էլ հակադարձելը, կարծում եմ, անհարիր էր: Այդ կեղծ հայտարարության բովանդակությանը չեմ ուզում անդրադառնալ, այլ ակնկալում եմ, որ ապրիլի 24-ին Թուրքիայի Նախագահ պարոն Էրդողանն ավելի ամուր և խորիմաստ կգտնվի և կանի իրական հայտարարություն, որի մեջ կասի այն, ինչ տեղի է ունեցել, և ինչը մեզ հնարավորություն կտա սկսելու մեր երկու ժողովուրդների միջև հաշտության գործընթացը: Ավելի ճիշտ, միգուցե ոչ թե ժողովուրդների միջև, այլ մեր և Թուրքիայի ղեկավարության միջև, որովհետև ես Թուրքիայի ժողովրդի նկատմամբ, թուրքերի նկատմամբ բացարձակապես ոչ մի կշտամբանք չունեմ», - ասել է Հայաստանի նախագահը:
Պատասխանելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «թուրք և մահմեդական հասարակությունների ապրած ցավերին»
առնչվող հարցին` Սերժ Սարգսյանը նշել է, որ
հայ ժողովուրդը չի կարող այդ տառապանքը չհասկանալ, որովհետև հայ ժողովուրդը իր առնվազն երեքհազարամյա պատմության ընթացքում շատ է տեսել և՛ պարտություններ, և՛ հաղթանակներ: «Եղել են և՛ տառապանքներ, և՛ ուրախություններ, այնպես որ հայ ժողովուրդը շատ լավ կարող է հասկանալ, թե ինչ տառապանքներ կարող է կրել ցանկացած ժողովուրդ, այդ թվում՝ թուրք ժողովուրդը պատերազմի ընթացքում: Բայց մի բան է տառապել, այլ բան է Ցեղասպանության ենթարկել: Եթե թուրք ժողովուրդն էլ է Ցեղասպանության ենթարկվել Օսմանյան կայսրության օրոք, թող Թուրքիայի այսօրվա իշխանությունները ճանաչեն և՛ հայերի Ցեղասպանությունը, և՛ թուրքերի Ցեղասպանությունը, որն իրականացրել են Օսմանյան իշխանությունները: Մի բան է, երբ մեկ, երկու, երեք գյուղերի բնակիչներ կարող են իրենց տեղը փոխել, կամ առանձին քաղաքացիներ փոխել իրենց տեղերը, ինչի համար ափսոսում ենք, բայց երբ ժողովուրդ է բնաջնջվում, դա բոլորովին այլ հանգամանք է: Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ Ցեղասպանության թանգարան, ես այնտեղից եմ հիմա գալիս: Եվ խորհուրդ եմ տալիս երկու փաստի վրա ուշադրություն դարձնել. մեկը Երիտթուրքերի ղեկավարների արտահայտություններն են՝ հայերին բնաջնջելու իրենց նպատակների մասին: Երկրորդ՝ Ռաֆայել Լեմկինի հարցազրույցներն այնտեղ կան, որտեղ նրան հարցնում են՝ «Ի՞նչ է նշանակում Ցեղասպանություն», ասում է. «Ցեղասպանությունն այն է, ինչ կատարվել է հայերի, հրեաների հետ»: Էլ ի՞նչ կարելի է ավելացնել սրան», - ասել
է Հայաստանի նախագահը, հույս
հայտնելով, որ տարիներ անց Թուրքիայում այնքան շատ է լինելու այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցում են, թե ինչ է տեղի ունեցել, որ այլևս անհնար է լինելու անել այնպիսի հայտարարություններ, ինչպիսին արեց այդ
երկրի վարչապետը (ապրիլի 19-ն):