Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի կորցրած 800 հա տարածքի մեծ մասը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ բուֆերային գոտում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, որ «այդ 800 հա ամրագրված էր Արցախի տարածքներում»:
Պատասխանելով ԱրմԻնֆո- թղթակցի ճշտող հարցին, թե արդյոք այդ տարածքները չէին մտնում ԼՂՀ վարչական սահմանների մեջ, Բաբայանն ընդգծել է. « Կորցրած տարածքների մեծ մասը, կրկնում եմ, մեծ մասը, բայց ոչ ամբողջը, գտնվում էր բուֆերային գոտում»:
Նշենք, որ նախօրեին լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ հայկական կողմի կորցրած 800 հա «ամրագրված էր Լեռնային Ղարաբաղի տարածքներում»: «Կարծում եմ, որ Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում կշոշափվի նաև այդ տարածքի հարցը: Մենք այդ տարածքի մասին չենք կարող մոռանալ», - հայտարարել էր պաշտպանությանն նախարարը: Հետագայում, ի պատասխան ԱրմԻնֆո-ի թղթակցի ճշտող հարցին, թե արդյոք այդ տարածքները գտնվում են ԼՂՀ վարչական սահմաններում, Օհանյանն անորոշ պատասխան էր տվել. «Հայկական ԶՈՒ դիրքերը բավականին ամուր են, նրանք լիովին վերահսկում են իրավիճակն առաջնագծում»:
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարել էր, որ հայկական կողմի կորցրած 800 հա գտնվում էր ԼՂՀ վարչական տարածքում: