2014 թվականին Ուկրաինայի
իրադարձությունները հանգեցրել են ռուսական երկաթուղու ծառայություններից օգտվող
ուղևորների հոսքի նվազման: Մարտի 4-ին Երևանում Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հաձնաժողովի 15-րդ նիստի հարթակում այդ մասին հաղորդել է Դաշնային ուղևորափոխադրումների ընկերության
(ՌԵՈՒ ԲԲԸ կառույց) գլխավոր տնօրեն տեղակալ Օլեգ Նիկիտինը:
Նրա ասելով, միայն ԱՊՀ երկրների հետ ուղևորահոսքը
կրճատվել է 45%-ով, ինչը «հսկայական անկում է»: Ուկրաինայի իրադարձությունները
հանգեցրել են նաև տրանսպորտային շարժունակության սահմանափակումների: «Հուսով եմ,
որ դա ժամանակավոր երևույթ է, և
առաջիկայում իրավիճակը կփոխվի», - ընդգծել է գլխավոր տնօրենի տեղակալը:
Միջազգային ուղևորահոսքի նվազման գործում ոչ վերջին դերն
են խաղում արժույթների տատանումները, մասնավորապես` շվեյցարական ֆրանկի:
Ընկերությունում Բելառուսի գործընկերների հետ միասին սակագնի մինչև 30% իջեցմամբ
են արձագանքել շվեյցարական արժույթի աճին: Իր հերթին է սպասում մերձբալթյան
երկրների հետ փաստաթղթերի ձևակերպումը,
հարցն ուսումնասիրվում է նաև մյուս երկրների հետ: «Ընկերությունը պատրաստ է
քննարկել ստացվող բոլոր առաջարկությունները», - ընդգծել է Օլեգ Նիկիտինը:
Նշենք,
որ օտարերկրյա ենթակառուցվածքի օգտագործման դիմաց ՌԵՈՒ վճարում է շվեյցարական
ֆրանկով, ինչը համապատասխանում է միջազգային սակագնային համաձայնագրին:
Փորձագետների կարծիքով, եթե ֆրանկի փոխարժեքի միջին աճը վերջին երեք ամսում կազմել
է 30%, ապա, ըստ համաձայնագրի, գները նույնպես կաճեն 30-ով, ինչը, անկասկած,
կանդրադառնա փոխադրվող ապրանքների արժեքների և ուղևորափոխադրումների սակագների
վրա, այդ թվում` ԱՊՀ տարածքում, քանի որ 1990 թվականների սկզբին ընդունված ԱՊՀ երկրների
սակագնային համաձայնագիրը նույնպես հաշվարկային արժույթ է համարում շվեյցարական
ֆրանկը: