Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի և ՀՀ նախագահ Սարգսյանի հնարավոր հանդիպման գլխավոր թեման լինելու է ոչ թե նախագահի հրաժարականը, այլ՝ ՙՍասնա ծռերի՚ կողմից ՊՊԾ գնդի շենքի գրավումից հետո ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը: Այդ մասին հուլիսի 25-ին Խորենացի փողոցում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՙՀիմնադիր խորհրդարանի՚ անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ դա ամենևին չի նշանակում, թե Սեֆիլյանը հրաժարվում է Սարգսյանի հրաժարականի պահանջից: ՙՊարզապես այս պահին հիմնական խնդիրը ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը հասնելն է՚,- պարզաբանել է ՙՀիմնադիր խորհրդարանի՚ անդամը:
ՙՍեֆիլյանն ասել է, որ ՙՍասնա ծռերի՚ անդամների հետ հանդիպումից հետո միայն, երբ կհասկանա նրանց տրամադրությունները, կարող է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ և քննարկել իրավիճակից ելքի ուղիները: Սեֆիլյանը միայն սա է ասել: Նա չի ասել, որ սկզբունքորեն հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Բոլոր հարցերին կարող է պատասխանել նա, բայց նրան հնարավորություն չեն տալիս խոսել ժողովրդի և մամուլի հետ՚,- ասել է Ենիգոմշյանը: