Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները խիստ կարևոր են Երևանի համար: Այդ կարծիքին են ՀՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով, չնայած Ռիգայի գագաթնաժողովում որևէ փաստաթղթի ստորագրում ակնկալել չենք կարող`այնուամենայնիվ, Եվրոպայի հետ հարաբերությունները կարևոր են Հայաստանի զարգացման համար: Նա գտնում է, որ անհրաժեշտ է ցույց տալ, որ պնդումները, թե Հայաստանն իբր Եվրասիական տնտեսական միության ՙգերության՚ մեջ է հայտնվել, անհիմն են: ՙԴա կեղծ կարծիք է, որը հաճախ հնչեցնում է թուրք-ադրբեջանական տանդեմը՚,-նշել է Մինասյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գտնում է, որ Հայաստանի ղեկավարությունը ժամանակին խաղի մեջ է մտել`նվազագույն պատկերացում չունենալով հնարավոր հետևանքների մասին: Խոսքը վերաբերում է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ 3 տարի տարվող բանակցություններին: ՙՌԴ և Արևմուտքի միջև հարաբերությունների սրման պայմաններում Հայաստանի իշխանությունների չմտածված գործողությունները միայն կրակի վրա յուղ լցրեցին ՚,- ասել է նա: Այսօր, նրա խոսքով, շահերի ներդաշնակեցման միջոցով անցյալի սխալները շտկելու հնարավորություն կա:
ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ավելացրել է, որ արտաքին քաղաքականությունում իր գործողություններում Հայաստանը պետք է զգույշ լինի`մնացած գործընկերներին չսադրելու համար: