Նախաքննական մարմինը փոխել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը, ով կալանավորվել էր ՙՍդղի գյոլ» կոչվող տարածքում Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու մեղադրանքով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը, գործով ի հայտ եկած նոր հանգամանքների արդյունքում նախաքննական մարմինը փոխել է Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը, և օրվա ընթացքում նա ազատ կարձակվի: Ի դեպ, Տիգրան Խաչատրյանի նկատմամբ նախաքննական մարմինը խափանման նոր միջոց չի նշանակել, քանի որ, ինչպես ասել է փաստաբանը, ՙնա մեղավոր չէ՚: ՙՁեզ բավական չէ այն, որ անմեղ մարդն իզուր նստած է եղել բանտում, ուզում եք, որ խափանման նոր միջոց նշանակեն՚,- վրդովվել է Մելքոնյանը՝ ակնարկելով, ի դեպ, որ խափանման միջոցը վերանայվել է տուժող կողմի ցուցմունքների փոփոխման պատճառով:
Մինչդեռ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում տուժած Զաքարյան եղբայրների հայրը՝ Գագիկը, հավաստիացրել է, որ իրենք իրենց ցուցմունքները չեն փոխել: ՙԲոլորը պետք է պատասխանատվույթուն կրեն իրենց մեղքի չափով: Պարզապես մեզ հայտնել են, որ քննության ընթացքում պարզվել է, որ իմ որդի Հարությունի աչքին, ով ծեծի հետևանքով մասնակիորեն կորցրել է տեսողությունը, հարվածել է ոչ թե Տիգրան Խաչատրյանը, այլ միջադեպի այլ մասնակից: Բայց դա չի նշանակում, որ Տիգրանը ծեծին չի մասնակցել, նա պետք է պատասխանատվություն կրի իր մեղքի չափով՚,- հայտարարել է Զաքարյանը:
Նշենք, որ մայիսի 2-ին ՙՍդղի գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով դաժան ձեծի են ենթարկվել Զաքարյան եղբայրները: Նրանցից մեկը՝ Հարությունը, զրկվել է աչքից: Գործի առնչությամբ ձերբակալվել են Սուրեն Խաչատրյանի որդին, եղբայրը և եղբորորդին:
Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, որբ Սյունիքի մարզպետի որդին հերթական կրիմինալ միջադեպից ՙմաքուր՚ է դուրս գալիս: Առաջին անգամ Տիգրան Խաչատրյանը համանման սցենարկով անմեղ էր ճանաչվել և ազատ արձակվել
Սյունիքի մարզպետի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով: