ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ չէ նոր անձինք և նույնիսկ կին տեսնել Հայաստանի նախագահի պաշտոնում: Այդ մասին այսօր հայտարարել է նա`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, թե արդյոք նա կպաշտպանի ՙԲարգավաճ Հայաստանի՚ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, եթե նա մասնակցի 2018 թ. ընտրություններին:
ՙԿարծում եմ, որ նախագահական ընտրությունների մասին խոսելը վաղաժամ է: Բացի այդ, Ծառուկյանն ինքը դեմ չէ նոր անձինք տեսնել՚,- ընդգծել է նա: Հովհաննիսյանը նաև կոչ է արել հասարակությանը և քաղաքական գործիչներին լրջորեն վերաբերել ոչ իշխանական եռյակի համագործակցությանը, քանի որ այն կարող է համապետական շարժման վերաճել: ՙՍակայն, շարժման ազդեցության մեծացման համար անհրաժեշտ է եռյակի բոլոր անդամների լիակատար համախմբումը և միասնական կարծիքը՚,- ընդգծել է Հովհաննիսյանը: Նա նաև հույս է հայտնել, որ հոկտեմբերի 24-ի համատեղ հանրահավաքի ժամանակ որոշակիություն կմտցվի եռյակի գործողություններում և փոխհամաձայնեցված օրակարգ կներկայացվի:
Հովհաննիսյանը, մեկնաբանելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որում նա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ պայքարողներին որակեկ է որպես ՙերկու-երեք տասնյակ անձանց ջղաձգումներ՚, հայտարարել է, որ հարգում է եռյակի բոլոր ներկայացուցիչների կարծիքը և լիովին համաձայն է շուտափույթ իշխանափոխության պահանջին: ՙՄիաժամանակ դեմ եմ, որպեսզի ինչ-որ մեկին վիրավորեն: Նաև կարծում եմ, որ որևէ անշրջելի բան չկա, մարդու մահից բացի, հետևաբար`հուսով եմ, որ առաջիկա օրերին ոչ իշխանական եռյակի գործողություններն ավելի համակարգված կլինեն՚,- ընդգծել է նա: Ըստ որում, ՙԺառանգության՚ առաջնորդը հայտարարել է, որ չի լսել, որ ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ը հստակորեն հանդես գան ԵԱՏՄ-ին անդամակցության կողմ կամ դեմ: