Կարևորելով տուրիզմի ոլորտի տնտեսական նշանակությունը, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունը՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մասնակցել է Հայ և թուրք տուրօպերատորների ցանցի (TATON) հանդիպմանը, որը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին, Երևանում:
Տուրօպերատորների ցանցը ձևավորվել է ԱՄՆ ՄԶԳ «Կամուրջներե ծրագրի շրջանակում, որի նպատակն է տուրիզմի միջոցով ստեղծել միջսահմանային տնտեսական ակտիվություն: Ցանցին անդամակցում են տարածաշրջանի ամենաակտիվ տուրիստական կազմակերպություններն ու տուրօպերատորները:
ՙՀայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը, - ասել է դեսպան Միլսը, - համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է՚:
Հայ և թուրք տուրօպերատորներն արդեն իսկ առաջարկում են միջսահմանային շրջագայություններ: Թուրք տուրօպերատորները տուրիզմի կայացած ոլորտ են ներկայացնում և ձգտում են ավելի բազմազան դարձնել դեպի Թուրքիա առաջարկվող ավանդական տուրիստական փաթեթները: Հայ տուրօպերատորները փորձում են ընդլայնել եղած հնարավորությունները՝ առաջարկելով շրջագայություններ մեկից ավելի երկրներ: Տուրօպերատորների ցանցը հեշտացնում է միջսահմանային ճամփորդությունների շուրջ համագործակցությունը: Չնայած տուրօպերատորների ցանցը գործում է սոցցանցի միջոցով, պարբերական դեմ առ դեմ հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների տուրօպերատորներին կիսել մտահոգությունները և համաձայնեցնել միասնական ճամփորդական առաջարկները:
ՙՏուրիզմը կարևոր է տնտեսական զարգացման համար: Համայնքների միջև համագործակցությունը տնտեսական ոլորտում ընդլայնում է մտահորիզոնը և օգուտներ ապահովում բոլորի համար, - ասել է դեսպան Միլսը, - միջսահմանային տուրիզմը ընդգծում է ինչպես համայնքների ընդհանրություններն, այնպես էլ տարբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել՝ միջավայր, պատմություն, մշակույթի տարբեր ոլորտներ՚:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տուրիզմի ոլորտի հետ սկսել է աշխատել 2000 թվականից: Սկզբնական շրջանում աշխատանքներ են տարվել ծառայությունների մատուցումը բարելավելու և տուրիստական ոլորտում ներուժ ձևավորելու ուղղությամբ: