ՙՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցազրույցում ուշագրավ միտք կա՝ ՙհաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք՚, այս համատեքստում արդարացի հարց է ծագում՝ ո՞վ է այդ արատավոր համակարգի հիմնադիրը, ոչնիչ չփոխելով ինչպե՞ս պետք է վերանա այդ արատավոր համակարգը՚,-լրագրողների հետ զրույցում հարց է տվել ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որում նա քննադատել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անցկացման նախաձեռնությունը:
Միաժամանակ Շարմազանովը նշել է, որ ընդհանուր առմամբ հասկանում է Ռոբերտ Քոչարյանին, նրա անբարյացակամությունը սահմանադրական բարեփոխումների նկատմամբ: ՙՑանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել: Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ կյանքն առաջ է ընթանում արագ տեմպերով, և մենք չենք կարող, անտեսելով իրողությունները, տեղում դոփել՝ կառչելով անցյալից: Ես նման ապագա իմ երկրին չեմ ցանկանում՚,- ասել է Շարմազանովը:
Նշենք, որ իր վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անցկացման իշխանությունների նախաձեռնությունը: ՙՍահմանադրական փոփոխությունների որևէ անհրաժեշտություն չկա, այն էլ` այսպիսի արմատական բնույթի: Երկրի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերները լիովին լուծելի են գործող սահմանադրության շրջանակներում, որի ֆունկցիոնալությունը որևէ մեկը կասկածի տակ չի առնում: Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները: Խոսքն արդեն պետության կառավարման կիսանախագահական և խորհրդարանական ձևերի միջև ընտրության մասին չէ: Սահմանադրության նախագիծը իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն և դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում: Սովետական սահմանադրությունը լեցուն էր գեղեցիկ բառերով, սակայն ԽՄԿԿ ղեկավարող և ուղղորդող դերի մասին 6-րդ հոդվածը օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը: Թե արդյունքում ինչ եղավ ԽՍՀՄ-ի հետ՝ հայտնի է բոլորին: Սահմանադրության նախագծի հագեցվածությունը մարդու իրավունքների և պետության սոցիալական նպատակների մասին ընդհանրական գեղեցիկ բառակապակցություններով կարծես նպատակ ունի քողարկել Ազգային ժողովի կազմավորման բացարձակապես անընդունելի ձևը, որը բովանդակազրկում է խորհրդարանական կառավարման բուն էությունը: Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ: Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների: Իսկ հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ: Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար», - հայտարարել է երկրորդ նախագահը: