ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցն ավելի շուտ Հայաստանին` սիրիական հարցին ներգրավելն էր, քան ղարաբաղյան պրոբլեմի շուրջ բանակցությունները: Այս մասին նոյեմբերի 24-ին կայացած ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումների ընթացքում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Իսկ Ղարաբաղի շուրջ տարածքները վերադարձնելու մասին լուրերը, որոնք տարածվեցին հանդիպումից հետո, ավելի շուտ տեղեկատվական փուչիկ էին, որոնք ուղղված էին հակամարտող կողմերի հասարակությունների արձագանքն ստուգելուն»,-նկատել է նա: Փորձագետը նաև «հեքիաթ» է համարում Ստեփանակերտի օդանվաակայանի մտադրությունների մասին տեղեկատվությունը, որ այն կարող է տրամադրվել Ռուսաստանին` «Իսլամական պետության» դիրքերին հարվածներ կատարելու համար (այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը.ռեգ)
Իր հերթին, ՀՀ Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ հայկական կողմից վերահսկվող շրջանները հանձնելու հնարավորության մասին տեղեկատվությունը, որը տարածվեց Լավրովի Հայաստան կատարած այցից հետո, Մոսկվայի կողմից հատուկ կազմակերպված լրատվական «արտահոսք» էր, որպեսզի Երևանին ցույց տա, որ Հայաստանի շահերը Ռուսաստանի համար առաջնահերթ չեն: Նա նաև գտնում է, որ կայունությունը Հարավային Կովկասում կախված է Մոսկվա-Բաքու հարաբերություններից: «Որքան սերտ են այդ երկրների միջև հարաբերությունները, այնքան բարձր են տարածաշրջանի անվտանգության ստառնալիքները»,-նկատել է նա:
Հիշեցնենք, որ, Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցից հետո «կոմերսանտ» թերթը հրապարակեց մի հոդված, որում ասվում էր. «Ըստ «Ъ»-ի ռուսաստանյան աղբյուրների, խաղաղ կարգավորման տարբերակներից մեկը, որը ներկայումս քննարկվում է, ունի հետևյալ տեսքը. «Հայերն Ադրբեջանին են վերադարձնում իրենց հսկողության տակ գտնվող` Ադրբեջանից գրաված Ղարաբաղի շուրջ տարածքները, բայց պահպանում են Լաչինի միջանցքը, որը կապ է ապահովում Հայաստանի հետ: Իսկ Բաքուն պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի առանձնացումը, բայց, ըստ պլանի, պարտավորվում է խնդիրը չլուծել ռազմական ճանապարհով: Դրա երաշխիքը կարող է լինել հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների տեղակայումը (ՄԱԿ կամ ԵԱՀԿ), ինչպես նաև Ադրբեջանին վերադարձվող շրջանների ապառազմականացումը: