«Ցավդ տանեմ»,-այսպես է սկսվում Արսեն Ավակովի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գրառումը, որն Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կատարել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր 2015 թ ապրիլի 24-ին, ողբերական իրադարձությունների 100-րդ տարելիցի օրը Եվրախորհրդարանը հայտարարել է Ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր: Եվրոպան ոգեկոչում է մեկ ու կես միլիոն սպանվածների, կտտանքների ենթարկվածների սովից մահացածների հիշատակը, որոնց սպանողների առջև միակ մեղքը «սխալ» ազգությունն էր և «սխալ» հավատը: Դա մանրակրկիտ ծրագրված և իրականացված ոճրագործություն էր, որը տևեց 2 տասնամյակ: 1915թ. ապրիլի 24-ին մեկ գիշերվա մեջ Օսմանյան կայսրությունում ձերբակալվեցին 100 հազարավոր մտավորականների, հոգևորականների, գրողների, փիլիսոփաների և նկարիչների` այն մարդիկ, որոնք հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներն էին: Նրանք, ովքեր կարող էին ազգը տանել իրենց ետևից: Գրեթե բոլորը սպանվեցին: Թուրքական բռնակալները նախապես զորակոչեցին և գնդակահարեցին հայազգի զինվորականներին: Ցեղասպանության այս երկու փուլերից հետո ողջ մնացածներին` կանանց, երեխաներին և ծերերին բռնի տեղահանեցին հայրենի հողից և քշեցին անապատ: Տեղահանվածների մեծամասնությունը զոհ գնացին սովին և հիվանդությանը, համարյա ոչ ոք տեղ չհասավ: Նրանք, ում հաջողվեց փախչել, ցրվեցին օտար երկրներով` մեկընդմիշտ կորցնելով հայրենիքը: Այն ժամանակ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը և միջազգային հանրությունը ընդամենը մտահոգություն հայտնեց: Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Քառորդ դար հետո Հիտլերը տվեց իր հռետորական հարցը` «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»: Պատասխանը դարձավ Հոլոքոստը:
«Հայերի ցեղասպանությունը մեկ ազգի ողբերգություն չէ: Դա ահավոր և, ցավոք սրտի, չսերտված դաս է համայն մարդկության համար, մինչ այս պահը ոչ մի երկիր և ոչ մի պետություն ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից: Հենց այս պատճառով այսքան կարևոր է պետական մակարդակով ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանությունը: Գոնե 100 տարի հետո դատապարտել հանցագործությունը արձանագրելով նման «լուծման» անթույլատրելիությունը»,-գրել է Ավակովը, հիշեցնելով, որ այսօր Հայ ժողովրդի ցեղասպանությունը ընդունվել է միջազգային մակարդակով` Եվրոպայի խորհրդի Եվրախորհրդարանի, ՄԱԿ-ի հատուկ նշանակության կառույցների, Եկեղեցիների միջազգային խորհրդի կողմից: Հայ ժողովրդի ոչնչացումը ընդունել և պաշտոնապես դատապարտել են 24 երկիր, որոնց շարքում են ԵՄ հիմնական երկրները:
Այնուամենայնիվ նշենք, որ Ուկրաինան մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանոթյունն Օսմանյան կայսրությունում: