ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ բոլոր երկրների պատվիրակությունների ղեկավարները կառույցի խորհրդի և 43-րդ լիագումար նիստի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ միաձայն դատապարտել են Թուրքիայի կողմից Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման հետ կապված միջադեպը, բացառությամբ Ադրբեջանի:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մամուլի ասուլիսի ժամանակ, մասնավորապես, հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումը հանցագործութուն է: Նա ընդգծել է, որ միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի երկնակամարում: ՙԲայց նույնիսկ, եթե ենթադրենք, որ ռուսական ինքնաթիռը մի քանի վայրկյան հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում, Անկարան իրավունք չուներ ոչնչացման հրահանգ տալ, պետք էր սահմանափակվել նախազգուշացմամբ՚,- հայտարարել է Մատվիենկոն՝ ընդգծելով, որ Մոսկվան սպասում է Անկարայի ներողությանը, մինչդեռ վերջինս շարունակում է կտրուկ հայտարարութուններով հանդես գալ:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Լեբեդևն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատները, մասնավորապես՝ նրա որդին, սերտ կապերի մեջ են ԻՊ ղեկավարության հետ:
Ռուս գործընկերների փաստարկներին համաձայնել են ԱՊՀ ՄԽՎ բոլոր պատվիրակությունների ղեկավարները՝ միաձայն դատապարտելով այդ միջադեպը: Հայկական պատվիրակության անդամ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, ընդգծել է, որ Թուրքիան վերջին 100 տարում այդպես էլ չի փոխել իր հանցավոր քաղաքականությունը:
Հատկանշանակ է, որ ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությունների ղեկավարների կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացման միաձայն դատապարտման լույսի ներքո իր լռությամբ առանձնացել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի տարածաշրջանային հարցերի կոմիտեի նախագահ Արիֆ Ռահիմզադեն: Նա միակն էր ներկա գտնվողներից, ով հրաժարվել է այդ հարցի առնչությամբ ելույթից: