Մենք վստահ ենք, որ ի վերջո համամարդկային արժեքները վեր կդասվեն քաղաքական անցողիկ շահերից, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` թուրքական «Հյուրիիեթ» թերթին տված հարցազրույցում:
Պատասխանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղած ուղերձին առնչվող հարցին, ով հերթական անգամ խուսափել է «ցեղասպանություն» տերմինի արտաբերւոմից, Հայաստանի նախագահը նշել է, որ
Յուրաքանչյուր պետություն ունի իր ռազմավարական շահը, բայց կան համամարդկային շահեր, համամարդկային առաջնահերթություններ: «Դրանցից մեկն անվտանգ և խաղաղ աշխարհի կառուցումն է, որը հնարավոր է առկա կնճիռները հարթելու միջոցով, այսինքն՝ սեփական անցյալին առերեսվելու, դրանից դասեր քաղելու և անհրաժեշտ քայլերի դիմելու միջոցով: ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը դեռ 95 տարի առաջ էր փաստացիորեն ձևակերպում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, քանզի հենց ճանաչումով է սկսվում ցեղասպանությունների և ապագա բոլոր տառապանքների կանխարգելումը: ԱՄՆ որպես գերհզոր տերություն և ժողովրդավարական արժեքների ջատագով բազմաթիվ առիթներով հայտնել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ 51 նահանգից 44-ն ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Պատմության ընթացքում ամերիկյան տարբեր նախագահներ, օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջերալդ Ֆորդը, հայ ժողովրդի նկատմամբ կոտորածները հստակ բնորոշել են որպես ցեղասպանություն: Նույնիսկ ԱՄՆ այն նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում չեն արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործել են իրենց նախընտրական արշավներում: Դա նշանակում է, որ նրանք կասկածի տակ չեն դնում կատարվածի բովանդակությունը և միայն քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով են խուսափում արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը», - ընդգծել է ՀՀ նախագահը: