Գորիսի շրջանի Տեղ գյուղի բնակիչ, 85-ամյա Ներսես Հայրապետի Բաղդունցը մինչև թոշակի անցնելը կես դար սովխոզում վարորդ է աշխատել: Անբասիր հեղինակություն ունենալուց բացի Ներսես Հայրապետովիչը տեղցիներին հայտնի է որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ազգական: Պետության ներկայիս ղեկավարը Ներսես հորեղբորը թոռ է գալիս:
Ի պատասխան նրա հետ լուսանկարվելու մեր խնդրանքին, տարեց մարդը գլխից արագ հանում է գլխարկը: Տեսնելով մեր ժպիտը, Ներսես Հայրապետովիչը կամաց ասում է. «Երբեք չեմ նկարվել գլխարկով – չի կարելի: Նույնիսկ պատերազմի տարիներին, երբ կիսաքանդ գյուղը նկարելու համար Տեղ եկան լրագրողները, ու երբ մեզ նկարում էին՝ «Գրադի» հետևանքով փլատակները մաքրելիս, մենք հանում էինք գլխարկները»:
Սարգսյանների ընտանիքը կարծես սկսում է կենդանանալ տարեց մարդու հիշողության մեջ, հիշելով Սերժ Սարգսյանի պապին՝ Ավետիս Սարգսյանին: «Ավետիս դային նշանավոր մարդ էր, հարգված, իր մարդկային հատկություններով միշտ աչքի էր ընկնում: Մի խոսքով, կարող եմ հաստատ ասել, որ Սարգսյանների ընտանիքի նախնիները Տեղում հարգված էին, պարկեշտ մարդիկ էին»,-ասում է Ներսես Հայրապետովիչը:
Ավետիս Սարգսյանին նաև ՆԿՎԴ-ի աշխատակիցներն էին նկատել: Մի օր, 1937-ի այդ օրը ռեպրեսիայի ենթարկվեց 8 գյուղացի: Այն տարիներին, տարեց մարդու խոսքով, առանձնապես չէին էլ հարցնում, թե ով է ճիշտ, կամ ով՝ մեղավոր: «Մենք մինչև օրս նույնիսկ չգիտենք էլ, թե ինչում էին մեղադրում Ավետիս դայուն, նրա «գործի» վերաբերյալ ինֆորմացիան փակ էր, ու փակ էլ մնաց: Միայն գիտեմ, որ Սիբիրից նա այլևս հետ չվերադարձավ»,-հիշում է Ներսես Հայրապետովիչը:
Այն ժամանակ Հայաստանում բոլոր այդ գործերը ղեկավարում էին Բերիան, ինչպես նաև հայկական Բերիան – ներքին գործերի ժողովրդական կոմիսար Խաչատուր Մուղդուսին: Հազվադգյուտ սրիկա էր, որին միաժամանակ ատում էին, համ էլ վախենում, բոլորը, առանց բացառության: Ոնց որ մեր օրերում - Սյունքում», - հեգնանքով ժպտում տարեց մարդը:
Ներսես Հայրապետովիչն այն օրերը բնութագրում է որպես «ուռայի ժամանակներ»: Ընդունված էր, որ ցանկացած առիթով հարկավոր էր բացականչել այդ բառը, ընդ որում, որքան բարձր, այնքան լավ: Նրա խոսքով, ուռա էինք գոռում երբ տանում էին Եղիշե Չարենցին ու Ակսել Բակունցին, երկուսն էլ զոհվեցին 1937-ին, բացականչում էինք, լավ գիտեինք, որ այդ բոլոր մարդիկ մեղավոր են, մի՞թե կարող էինք չգովերգել գործող իշխանությանը: «Այն ժամանակ ես 7 տարեկան էի, բայց լավ հիշում եմ, թե ինչպես բոլորս ուռա բացականչեցինք, երբ տանում էին Սերժ Սարգսյանի պապին: Այո-այո, գոռում էինք, բայց ստիպված, քանի որ գիտեինք, որ նրան արդեն ոչնչով չենք օգնի»:
Ավետիս Սարգսյանից հետո նրա ընտանիքը որբացավ: Կինը մնաց չորս երեխաների հետ: Ավագ որդին՝ Ազատ Սարգսյանն այն ժամանակ սովորում էր չորրորդ դասարանում, բայց նույնիսկ այդ տարիքում նա չկարողացավ մնալ Տեղում, լավ հասկանալով, որ իր հոր մահը տեղի ունեցավ ոչ առանց գյուղացիների օգնության: Ընտանիքը որոշեց տեղափոխվել Ղարաբաղ:
«Վերցրին ամենաանհրաեժեշտ իրերն ու գնացին, և դա այն ժամանակ, երբ, փաստորեն, ուտելու բան էլ չկար, իսկ հացը քարտերով էին բաժանում: Ոչ մեկը, նույնիսկ ամենամոտ ազգականները, չգիտեն, թե ինչպես Ազատին հաջողվեց ժամանակներ անց Ստեփանակերտում դառնալ շատ հարգված մարդ: Նա արագ յուրացրեց դարբնի գործը ու երկար տարիներ աշխատում էր: Իսկ կինը – գեղեցկուհի Նորան, աշխատանքի ընդունվեց որպես ջուլհակուհի: Ազատը նրան Քարինտակից էր բերել: Բավական է տեսնել այդ գյուղի տեղանքը, որն ուղիղ Շուշիի ժայռերի ներքևում է գտնվում, հասկանալու համար, թե ինչպիսի մարդիկ են այնտեղ ապրում: Հաստատ գիտեմ, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին ոչ մի քարինտակցի իր գյուղը չլքեց»,-ասում է Ներսես Հայրապետովիչը:
Ազատ Սարգսյանը Ստեփանակերտի «Տեղցու մայլա» կոչվող շրջանում կառուցեց իր տունը: Այսօր այնտեղ մոտ 200 սեփական տուն կա, իսկ նման թաղամասերը քաղաքում երեքն են: Նորայի հետ նրանք ունեցան երեք որդի՝ Լևոնը, Սերժը և Սաշիկը:
«Լևոնը հատուկ հանձնարարություններով դեսպան է, Երևանի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս: Մի խոսքով, գիտնական մարդ է, հարգված: Իսկ Սաշիկը, ինչպես՝ բանվորա-գյուղացիական դասակարգի ներկայացուցիչ եղել է, այդպիսին էլ մնացել է: Ինչպես այն տարիներին էր առևտուր անում, նույնն էլ հիմա է անում: ԻսկՍերժն ավարտեց համալսարանի բանասիրական ֆակուլտետը, հայող լեզվի ու գրականության մասնագետ է: Ինչպես նաև մեր նախագահն է, ինչպես գիտեք»,-ծիծաղում է տարեց մարդը:
«Ազատին մենք լավ գիտեինք, բայց Սերժի մասին քիչ բան գիտենք: Ազատը միշտ դաստիարակված էր, խելացի, իսկ գլխավորը՝ զուսպ անձնավորություն էր: Նա ուներ չորրորդ դասարանի կրթություն, բայց երեխա ժամանակից ստիպված էր շատ աշխատել, որպեսզի կերակրի իր եղբայրներին ու քույլերին, բնավորությամբ, չեմ վախենա այդ բառերից, գեղեցիկ էր ու զուսպ»,-պատմում է Ներսես Հայրապետովիչը:
Նրա խոսքով, իր զուսպ բնավորությամբ, դանդաղկոտությամբ, հանգիստ ու հավասարակշռված խոսելաոճով Սերժ Սարգսյանը հորն է քաշել: «Մենք նրան հաճախ ենք տեսնում հեռուստացույցով ու այդ պարերին միշտ հիշում ենք Ազատին: Չեմ կարող ասել, թե ինչու է մեր ժողովուրդն այդքան անտարբեր իր նախագահի նկատմամբ, բայց ես չէ, որ պետք է դատեմ»,-եզրափակում է մեր զրույցը տարեց մարդը: