2015 թ. Հայաստանի տնտեսության լճացման վերաբերյալ ՎԶԵԲ կանխատեսումը քաղաքական պատվեր է`պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության անդամակցմամբ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ՙՎԶԵԲ-ը ԵՄ քաղաքականություն է իրականացնում և, բնականաբար, քաղաքական նպատակներ է հետապնդում: Հիմնական պատճառը, որի համար բանկը վատթարացրել է Հայաստանի առնչությամբ տնտեսական կանխատեսումը, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է՚,- ասել է պատգամավորը:
Նա նշել է, որ ՎԶԵԲ կանխատեսումը կարող է ազդել ներդրողների որոշման վրա, սակայն այն չազդեց, երբ Հայաստանը եվրաբոնդեր թողարկեց, և այդ ժամանակ հանարպետությունն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ էր վարում ԵՄ հետ: Եվրաբոնդերի թողարկումից հետո ներդրումներ չհոսեցին Հայաստան, նշել է պատգամավորը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հունվարին վատթարացրեց 2015 թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ կանխատեսումը մինչև զրո`ավելի վաղ կանխատեսվող 3,5%-ի փոխարեն: Մինասյանը համաձայն չէ այդ կանխատեսմանը և գտնում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն այս տարի կաճի առնվազն 4-4.5%-ով: Պատգամավորը գտնում է, որ աճի ապահովման և ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է ներքին բարեփոխումներ իրականացնել: