«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ու հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը հյուրընկալվել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և ընկերության աշխատակիցների հետ անցկացվել է քննարկում «Քաղաքացիների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:
«Հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառումը ընկերությունում, որպես ներքին ընթացակարգերի, կանոնակարգերի և գործընթացների բաղկացուցիչ մաս, նման է առողջ ապրելակերպի կանոններին հետևելուն: Ընկերությունը նման է կենդանի օրգանիզմի. առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է հետևել որոշակի կանոնների՝ զերծ մնալ վտանգավոր սովորություններից, նվազեցնել առողջության ռիսկերը և պարբերաբար ստուգել առողջական վիճակը՝ հնարավոր հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար, հատկապես եթե խոսքն այնպիսի վտանգավոր, ձևափոխվող և վարակիչ հիվանդության մասին է, ինչպիսին կոռուպցիան է: Շատ ավելի դյուրին է կանխարգելել հիվանդությունը, քան պայքարել դրա հետևանքների դեմ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Քննարկման սկզբում ներկայացվել են հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ կառուցվածքն ու արդի խնդիրները: Այնուհետև տեղի է ունեցել ակտիվ քննարկում բանախոսների և աշխատակիցների միջև: Ներկայացվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում մասնավոր հատվածն ընդգրկելու մարտավարական-տեսական մոտեցումներ ու գործնական օրինակներ: Այս քննարկումն իր տեսակի մեջ առաջինն էր՝ ԹԻՀԿ մասնակցությամբ:
Նշենք, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են` աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, աջակցել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և ընտրական ինստիտուտի կայացմանը, նպաստել հանրային ռեսուրսների, այդ թվում` պետական և համայնքային սեփականության ու ֆինանսական միջոցների ողջամիտ, թափանցիկ և հաշվետու կառավարմանը, խթանել ժողովրդավարական գործընթացները, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը և հասարակության մասնակցությունը երկրի կառավարման գործընթացներում:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: