Հանրապետությունում իրականացվում է գրիպի և սուր շնչառական վարակների ամենօրյա մշտադիտարկում: Հիմք ընդունելով մշտադիտարկման տվյալները` 2015 թվականի փետրվարի 22-ի դրությամբ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են շուրջ 2050-ով:
ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ ՙՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշել է, որ առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում 2014 թվականի հոկտեմբերից ուժեղացվել է հսկողությունը գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ:
Անդրադառնալով հանրապետությունում սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշներին` նա նշեց, որ արձանագրված դեպքերի համաճարակաբանական վերլուծության համաձայն, դրանք ևս չեն գերազանցում սուր շնչառական վարակներով հիվանդացության շեմը, ինչպես նաև դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:
ՙ
Հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության նվազում: Նույն իրավիճակն է նաև ստացիոնար բուժում պահանջող հիվանդների շրջանում: Սակայն ներկայումս աշխուժացում է նկատվում մանկական պրոֆիլի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` պայմանավորված 0-2 տարեկան երեխաների դիմելիությամբ՚,- ասել է Արտավազդ Վանյանը:
Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում նշված քանակակազմում շրջանառում են գրիպի Ա տեսակի H1պնդ, H3 ենթատեսակները և Բ տեսակը, ինչպես նաև ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ: Այս պահի դրությամբ ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան: Հոսպիտալացված դեպքերը գնահատվում են միջին ծանրության և ստանում են անհրաժեշտ բուժում:
Արտավազդ Վանյանը ևս մեկ անգամ հորդորել է բնակչությանը խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և ամենակարևորը` չզբաղվել ինքնաբուժմամբ: Նա կարևորել է նաև եղանակին համապատասխան հագնվելու, հազի և փռշտալու վարվելակարգի պահպանման, ինչպես նաև հնարավորինս շատ հեղուկներ օգտագործելու և փակ տարածքները հաճախակի օդափոխելու անհրաժեշտության մասին: