


Ճանապարհային ոստիկանությունը և ՀՀ ՊՆ աշխատակիցները փորձում է
խոչընդոտել մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում զինակցի կրակոցից սպանված
զինծառայող Լյուքս Ստեփանյանի մարմինը տեղափոխող մեքենայի մուտքը Երևան:
Այս պահին մեքենան կանգ է առել Սևան-Երևան մայրուղու վրա, և
զինվորի հարազատները լեզվակռվի են բռնվել ոստիկանների հետ`փորձելով առաջ շարժվել:
Նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, և զոհվածի հարազատներն ու գյուղի բնակիչները
ջարդել են ոստիկանական մեքենան:
Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի
մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան
Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ` հանդիպելու նրանց հետ:
Ավելի վաղ զոհվածի հայրը`եղարքունիքի մարզի Վերին ետաշեն
գյուղի բնակիչ Իշխան Ստեփանյանը հայտարարել էր, որ մտադիր է սպանված որդու մարմինը
տեղափոխել Երևան և բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի մոտ`կատարվածի հետ
կապված պարզաբանումներ պահանջելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից: Նա
լրագրողներին հայտարարել է, որ իրենք մինչ այժմ չգիտեն որդու մահվան իրական
պատճառները, իսկ ՀՀ ՊՆ աշխատակիցները պարզորոշ բացատրություններ չեն տալիս
կատարվածի առնչությամբ: Զոհվածի հարազատները վրդովված են, իրենց հավաստմամբ,
պաշտպանական գերատեսչության հանցավոր անպատասխանատվությունից և անտարբերությունից:
Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մայիսի
15-ին` ժամը 15:30-ի սահմաններում: Ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ
Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի
արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս
Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել
է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը
գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ
կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:



