Օդաչուները, ովքեր համարձակվել են թռիչք կատարել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների երկնակամարում, իմանալով, որ կարող են գտնվել ադրբեջանցի դիպուկահարների թիրախում, մեծ խիզախություն են ցուցաբերել, նրանք արժանի են հերոսացման, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԸնդդեմ իրավական կամայականության՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով հնչող կարծիքը, թե հայ օդաչուների գործողությունները հերոսություն չէ, այլ ղեկավարության սխալը:
Միաժամանակ Ալավերդյանը գտնում է, որ հայ օդաչուների մարմինների դուրս բերման հատուկ գործողությունը պատասխան չէ ադրբեջանական կողմին: ՙՕդաչուների մարմինները վերադարձնելը ու նրանց հողին հանձնելը պետության պարտքն է: Ավելին, գտնում եմ, որ հայկական կողմը պետք է կշռադատված և արժանի պատասխան տա: Այդ հարցում պետք չէ շտապել և պետք չէ արագ և չմտածված քայլեր ձեռնարկել՚,- համոզված է նա:
Իրավապաշտպանը նաև գտնում է, որ ստեղծված իրավիճակում պետք չէ արագ աջակցություն սպասել միջազգային հանրությունից, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անգործությունը դրա վառ օրինակն է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել էր ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որում եղել են Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ սպաներ Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 22-ին ԼՂՀ զինված ուժերի հատուկ գործողության արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: