Չի բացառվում, որ Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանի և ԼՂՀ միասնական իշխանական թիմում առկա տարաձայնությունների ածանցյալ է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:
«Իմ կարծիքով, Արցախում սահմանադրական բարեփոխումները ոչ մի կապ չուննե ոչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ոչ հանրապետության ներքին բարեփոխումների գործընթացի հետ: Կարծում եմ, որ այսօր ԼՂՀ-ում կա ներկայիս իշխանության վերարտադրության խնդիր: Ավելին, ես հակված եմ այն մտքին, որ այսօր տեղի է ունենում իշխանության տարբեր կենտրոնների փոխհարաբերությունների հստակեցում և հարմարեցում», - նշել է նա:
Բաղդասարյանը հատկապես ընդգծել է, որ, խոսելով իշխանության մասին, նկատի ունի այն հանգամանքը, որ Հայաստանի և ԼՂՀ իշխանությունները, վերջին հաշվով, մի մեծ քաղաքական թիմ են, որում կան որոշակի տարաձայնություններ:
Օգոստոսի 15-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե ներկայացվել է առաջարկ, որի հիմքում ընկած է նախագահական կառավարման համակարգը: «Հաշվի առնելով հանձնաժողովի տեսակետը, քաղաքական ուժերի մեծամասնության դիրքորոշումը, մեր տեղեկացված լինելը բնակչության մեծամասնության կարծիքին, որն արտահայտվել է նաեւ վերջերս անցկացված սոցիալական հարցումների արդյունքում՝ ես ընդունում եմ առաջարկվող տարբերակը ու հավանություն եմ տալիս սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, հանձնարարում եմ հանձնաժողովին` մշակել ու սահմանված ժամկետում ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը», - հայտարարել էր ԼՂՀ նախագահը: Այդպիսով, փոխելով Սահմանադրությունը, սակայն, ընդսմին թողնելով գործող նախագահական կառավարումը, Բակո Սահակյանը կարող է երրորդ նախագահական ժամկետի իրավունք ստանալ:
Սահակյանը նախագահն է ընտրվել 2007 թվականի հուլիսի 19-ին և 2012 թվականի հուլիսի 19-ին վերընտրվել է երկրորդ ժամկետի համար: Արցախի գործող սահմանադրությամբ, նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Հիմնական օրենքի 62 հոդվածի 3-րդ կետի համաձայն, միևնույն անձը չի կարող երկու անգամից ավելի ընրվել նախագահի պաշտոնում: