Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որ Ադրբեջանը Ղարաբաղին ինքնավարության ամենաբարձր մակարդակ տրամադրելու կողմնակից է, անհեթեթություն է, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, եթե Ադրբեջանը մտադիր է ինքնավարություն տրամադրել, թող տրամադրի այն իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին, առավել ևս, եթե նրանք արդեն երկար ժամանակ խնդրում են այդ մասին: ՙԼՂՀ-ն անկախ պետություն է: Էլ ի՞նչ ինքնավարություն: Այդ հայտարարությունն անտրամաբանական է`ինչպե՞ս կարելի է անկախությունը փոխարինել ինքնավարությամբ: Դա անցած փուլ է. ԼՂՀ-ն անկախ պետություն է, և Ադրբեջանը պետք է համակերպվի դրան՚,- ընդգծել է նա:
Բաբայանը նաև նշել է, որ ադրբեջանական կողմն այնքան հաճախ է հանդես գալիս նման անհեթեթ հայտարարություններով, որ ԼՂՀ-ն արդեն չգիտի, թե ինչպես արձագանքի դրան: ՙԱրդեն չգիտենք`արձագանքել դրանց, թե՞ ծաղրանքով վերաբերվել՚,- ընդգծել է նա: