Ղարաբաղի շուրջ բանակցություններում ընդմիջումը գոնե մասամբ կչեզոքացնի արտաքին գործոնների ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական լարվածության վրա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
ՙՙՍասնա ծռերի՚ տղաների կողմից ՊՊԾ գնդի շենքի զավթումը, իրոք, շատ ծանր այլընտրանքի առջև է կանգնեցրել իշխանություններին: Այսօր նրանք ստիպված են կամ բանակցություններ վարել ապստամբների հետ՝ քննարկելով նրանց քաղաքական պահանջների կատարման հնարավորությունը, կամ նրանց չեզոքացմանն ուղղված հատուկ գործողություններ ձեռնարկել, ինչը կարող է բազմաթիվ մարդկային զոհերի հանգեցնել: Ըստ որում, պարզ է, որ իշխանություններն իսպառ զրկված են Հայաստանի քաղաքացիների աջակցությունից, և դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինի վերջիններիս արձագանքն ուժի գործադրմանը՚,- նշել է նա:
Նշելով, որ ապստամբները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը և նրա ռեժիմի փոփոխություն, ինչպես նաև Արցախի տարածքների հանձնման բացառում՝ Մելիքյանը գտնում է, որ երկրորդ պահանջի կատարման ուղղությամբ իշխանությունների հստակ քայլերը կարող էին զգալիորեն թուլացնել հայ հասարակությունում լարվածությունը՝ ճանապարհ բացելով ճգնաժամի հաղթահարման համար:
ՙԱյդ տրամաբանության շրջանակներում Սերժ Սարգսյանը, ելնելով երկրում ստեղծված լարված իրավիճակից, լիավին կարող է հայտարարել մինչև 2017 թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում ընդմիջման մասին՚,- ամփոփել է վերլուծաբանը: