Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ժամկետային զինծառայող Մհեր Հակոբյանի մահը Բաքվի ապակառուցողական քաղաքականության հետևանք է, այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՙԶինվորի մահը հետևանք է այն բանի, որ մեր հարևանները հրաժարվում են դիպուկահարների հեռացման, հրադադարի խախտումների դադարեցման, դիվերսիոն-հետապուզական միջոցառումների բացառման միջոցով վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներից՚,- ասել է նա:
Նախարարը նաև նշել է, որ միջազգային հանրությունը աչք է փակում ադրբեջանական կողմի նման ագրեսիաների վրա, և միայն ԼՂՀ Պաշտպանության բանակը և Հայաստանի Զինված ուժերն են ինքնուրույն քայլեր ձեռնարկում`ադրբեջանական դիվերսիաները կանխելու նպատակով: ՙՀուսով եմ, որ այս միջադեպն անպատիժ չի մնա՚,- ընդգծել է նախարարը: Օհանյանը նաև նշել է, որ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից կամ կարևոր միջազգային իրադարձությունից առաջ ադրբեջանական կողմն ուժեղացնում է շփման գծում լարվածության աստիճանը:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: