Ապրիլի 15-ին Ծիծեռնակաբերդում բացվեց «Յուքոմ» աշխատակիցների կողմից հիմնադրված «Հիշատակի» ծառուղին: Ծառուղին ձգվում է Ցեղասպանության թանգարանի ճանապարհի երկայնքով, ինչպես նաև դեպի Մարզահամերգային համալիր տանող պուրակի երկայնքով:
«Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հազարավոր հյուրեր և միջազգային պատվիրակություններ կայցելեն Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ կդնեն Ցեղասպանության զոհերի հիշատակին: Դեռևս մեկ տարի առաջ Յուքոմը նախաձեռնեց Recognize 1915.am նախագծը, որի նպատակն է ամբողջ աշխարհին ծանոթացնել, տեղեկացնել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Այդ նույն՝ Recognize 1915 նախագծի շրջանակներում այսօր «Յուքոմի» աշխատակիցների ջանքերով հիմնվում է հիշատակի ծառուղի: Տնկվել է 999 ծառ, «Յուքոմի» յուրաքանչյուր աշխատակից սրանով իր հարգանքի տուրքն է մատուցել անմեղ զոհերի հիշատակին, չէ որ ծառը կյանքի, հույսի, ապագայի նկատմամբ հավատի խորհրդանիշն է»,-լրագրողների հետ զրույցում նշել է ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Հիշեցնենք, որ «Ճանաչեք 1915» (Recognize 1915) նախագիծը մեկնարկել է 1914 թվականի ապրիլին, Հայոց ցեղասպանույան 99-րդ տարելիցի նախաշեմին: Նախագծի հիմնական նպատակն է աշխարհին տեղեկացնել Հայոց ցեղասպանության մասին: Նախագծի շրջանակներում ստեղծվել է հանրային իրազեկման գործիք, որով յուրաքանչյուր մարդ, էլեկտրոնային փոստի հատուկ ստորագրություն տեղադրելով, էլեկտրոնային նամակագրության միջոցով իր գործընկերներին կամ ընկերներին ևս մեկ անգամ կարող է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև տալ հնարավորություն յուրաքանչյուրին կիսվել այս ինֆորմացիայով բոլորի հետ: Նախագծի պաշտոնական www.recognize1915.am կայքում տեղադրված է ամբողջական ինֆորմացիա, թե ինչպես միանալ նախագծին, ինչպես նաև տրված են հիմնական տեղեկատվական բազաները, որտեղից կարելի է հավաստի տվյալներ ստանալ Ցեղասպանության մասին: