Սևանի բացասական
հաշվեկշիռը կհանգեցնի ջրի որակի կտրուկ վատթարացման, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հանուն կայուն
զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը:
ՀՀ ԱԻՆ
հիդրոմետծառայության հիդրոէկոլոգիայի կենտրոնի գնահատմամբ, տարեվերջին Սևանում
կարձանագրվի 9-12 սմ բացասական հաշվեկշիռ` անբարենպաստ կլիմայական և եղանակային
պայմանների հետևանքով:
Դանիելյանը հիշեցրել է, որ
տարեսկզբին լճում արդեն արձանագրվել էր 3 սմ բացասական հաշվեկշիռ: Սևանի մակարդակի
նվազման միտումը, ինչպես ընդգծել է փորձագետը, կունենա բացասական հետևանքներ:
«Խոսքը վերաբերում է թափանցիկության և ջրում թթվածնի պարունակության նվազմանը, լճի
ջրի ջերմաստիճանի բարձրացմանը, ինչն իր հերթին կհանգեցնի Սևանի ողջ էկոհամակարգի
խախտման», - նշել է Դանիելյանը:
Նա հիշեցրել է, որ այս
տարի կառավարության որոշմամբ ավելացվել է Սևանից ջրառի առավելագույն ծավալը:
Փորձագետն ուշադրութհյուն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ հիմնանորոգման
առնչությամբ Արփա-Սևան թունելն աշխատում է տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս:
«Ջրի
մակարդակի տատանումները վճռական, ճակատագրական նշանակություն ունեն լճի համար:
Բացասական հաշվեկշռի հետևանքով մենք կունենանք ջրի որակի կտրուկ վատթարացում », -
հավելել է Դանիելյանը: