ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այսօր առավոտյան Հանրապետական հիվանդանոցի հիվանդասենյակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքի առթիվ։
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ Երևան քաղաքի վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հիվանդասենյակում կրակել է կնոջ վրա և ինքնասպան եղել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի ղեկավարությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1982 թվականին ծնված Հայկ Վարդանյանի դիակը՝ հրազենային վնասվածքով։
Պարզվել է, որ ժամը 10:00-ի սահմաններում Հ.Վարդանյանն այցելել է նշված ինստիտուտում ծննդաբերած և հիվանդասենյակում գտնվող իր կնոջը, որի ժամանակ ատրճանակից կրակոցներ է արձակել նրա վրա, ապա ինքնասպան եղել։ Կինն անմիջապես տեղափոխվել է նշված ինստիտուտի վիրահատարան և ցուցաբերվել անհրաժեշտ բժշկական միջամտություն՝ կյանքը փրկելու համար։ Նրա առողջական վիճակը ներկայումս գնահատվում է ծանր։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը՝ բաժնի պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել է 3 քննիչ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 պարկուճ, 1 գնդակ, հրազենային վնասվածք՝ հիվանդասենյակի բազմոցին, երկու ատրճանակ (մեկը` տղամարդու տաբատի գրպանում)։ Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ կատարված հանցագործության շարժառիթները, բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։