Եթե ոչ իշխանական քառյակը
ցանկանում է հաջողության հասնել, ապա նրա անդամները պետք է վերջնականապես բոլոր
կապերը խզեն կառավարող ՀՀԿ հետ: Այդ մասին հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսում
հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա ընդսմին նշել է, որ իր
կարծիքով, եռյակի անդամ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կապը չի խզել: Սակայն Փոստանջյանը կարծում
է, որ ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ՀՅԴ-ն կառավարող վարչախմբից վերջնականապես երես
թեքելու լավ հնարավորություն ունեն: «Նրանց անհրաժեշտն է միանալ համատեղ
օրակարգին, որը ես արդեն կազմել եմ և
շուտով կներկայացնեմ եռյակի բոլոր անդամներին», - ընդգծել է ընդդիմադիր
գործիչը: Նա նշել է, որ հոկտեմբերի 24-ի համատեղ հանրահավաքի համար իր կազմած
օրակարգը ներառում է նախագահ Սերժ Սարգսյանի իմփիչմենթի, ժամանակավոր անցումային
խորհրդարանի ստեղծման, Սարգսյանին և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանցագործ
հռչակելու և նրանց ձերբակալման հարցեր:
«Եթե եռյակի բոլոր կուսակցությունները համաձայնեն նման օրակարգին, ապա հաջողությունը
երաշխավորված է», - ընդգծել է Փոստանջյանը: Նա նաև հավելել է, որ չի մասնակցի
առաջիկա հանրահավաքին, եթե օրակարգը չընդունվի:
Իսկ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախագահի պաշտոնի համար առաջադրվելու
մտադրության առնչությամբ պատգամավորն
ընդգծել է, որ իր համար «Ժառանգության»
առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից բացի այդ պաշտոնի այլ ընդունելի թեկնածու
չկա: Ավելին, քաղաքական գործիչը հայտարարել է, որ հիմա էլ Հովհաննիսյանին համարում
է Հայաստանի նախագահ: Նա ընդսմին նշել է, որ երբ «Ժառանգությունը» դաշինք էր
կազմում ԲՀԿ և ՀԱԿ հետ, նախագահի պաշտոնի միասնական թեկնածուի հարց չի քննարկվել:
«Հովհաննիսյանը միակ թեկնածուն է, ով ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կապված չէ
կառավարող վարչախմբի հետ, համապատասխանաբար, նախորդ նախագահական ընտրություններում
հասարակությունը կատարել է իր ընտրությունը», - հայտարարել է նա: Փոստանջյանը նաև
հաղորդել է, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ եղել է առաջնորդների հանդիպման
վերաբերյալ պայմանավորվածություն, սակայն Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը չեն
ցանկացել հանդիպել: «Հուսով եմ, այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի, և
կուսակցությունների օրակարգը կլինի միասնական, այլ ոչ թե` նախորդ անգամվա պես», -
եզրափակել է նա: