ՀՀամագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հաձնաժողովի 15-րդ նիստը կկայանա Երևանում մարտի 4 – ից 6-ը:
Երևանյան նիստի աշխատանքներին մասնակցելու են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները: Ուղևորափոխադրումների ոլորտի ղեկավարներին և մասնագետներին սպասում է բավականին հագեցած աշխատանքային օրակարգ: Նրանք, մասնավորապես, կքննարկեն 2014 թ-ի միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների արդյունքները, Մոլդովայի և Բելառուսի միջև սակագների նվազեցման հարցը, ՙԷքսպրես՚ միջազգային համակարգի տեխնոլոգիական շահագործման փոփոխությունները:
Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար: Խորհրդի անդամ են հանդիսանում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը: Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան հանդիսանում են կազմակերպության ասոցացված անդամներ, իսկ Լիտվան և Էստոնիան կառույցի աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա: Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային համադաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները:
ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:
Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: