Վերջին տարիներին զինված ուժերում սահմանային բոլոր հատվածներում հակադիվերսիոն միջոցառումների իրականացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվել, անձնակազմի պատրաստությանը զուգահեռ մշակվել է ինժեներական սարքավորումների համապատասխան համակարգ, որը հնարավորություն է տալիս կանխել դիվերսիոն ներթափանցման փորձերը, «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` խոսելով սահմանների անվտանգության մասին:
«Որպեսզի այսպես՝ համակարգային առումով, հեռանկարային առումով, տեխնիկական միջոցները ամբողջությամբ տեղադրվեն առաջին գծում, պետք է առաջին հերթին հստակեցվեն բոլոր սահմանները, դեմարկացիա լինի, որովհետև դրանք բավականին թանկ միջոցներ են, և այդ թանկ միջոցների տեղադրումը, մանավանդ այսօրվա իրականության մեջ, երբ խախտումները լինում են մշտապես և լարվածություն կա առաջին գծում, այդ հնարավորությունները մենք այսօր չունենք», - նշել է նա:
Օհանյանի ասելով, տեխնիկական միջոցներ հնարավոր է լինում տեղադրել սահմանային առաջին գծի այն հատվածներում, որոնցում չկա հակառակորդի անմիջական ազդեցությունը, և դիրքերը միմյանցից հեռու են: Պաշտպանության նախարարը նշել է, որ այսօր փորձարկումների փուլում են սահմանային անվտանգության հայրենական սարքեր:
«Անկասկած, համագործակցում ենք բոլոր այն կառույցների հետ, որոնք կա՛մ առաջարկություններ են անում, կա՛մ նաև մեր պատվերներն են կատարում՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների հետ ենք համագործակցում: Բազմաթիվ անգամ մենք փորձարկումներ ենք կատարել, և փորձարկման արդյունքում, երևի թե, կգանք համապատասխան եզրակացության և կամաց-կամաց կներդնենք», - հաղորդել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: